Գալիս է մի տարիք,երբ երեխան դառնում է չափազանց պահանջկոտ: Ինչպես վարվի ծնողը... բավարարի՞ նրա քմահաճույքները, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը «Իմ փոքրիկը» փորձեց ստանալ հոգեբան Իրինա Բաղդասարյանից:
Հոգեբանը նշում է, որ եթե երեխան ուզում է, օրինակ, մայրիկի հեռախոսը, մերժել պետք չէ, թող երեխան փորձի, նայի, շոշափի: Միայն թե պետք է խնդրել,որ խնամքով վերաբերվի:
«Կարևոր է ի սկզբանե երեխայի հետ ձևավորել ճիշտ կապ,վստահություն... չէ որ նա առաձին անհատ է: Սակայն, երբ զգում եք, որ երեխան ուղղակի պահանջներ է ներկայացնում, հարկավոր է հետևողական լինել, հասկանալ` ինչու է նա համառորեն պահանջում հենց դա,- ասում է Բաղդասարյանը:- Չեմ կարծում թե որևէ բան պետք է արգելել երեխային, ուղղակի հարկավոր է ճիշտ դաստիարակել, որի արդյունքում ,եթե նա վերցնի որևէ իր, չի փորձի այն ջարդել»:
Բաղդասարյանն ասում է, որ բոլոր կամակորությունների հիմքը տանն է դրվում. երեխան հանկարծ խանութում չի որոշում որևէ բան ստիպել ծնողին: Եվ եթե ծնողը տանը ծեծելով երեխային ինչ-որ բան է արգելում, ապա նույնը կանի նաև դրսում:
Նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է տանը ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կօգնի ծնողին հասկանալ, թե ինչ և ինչու է ուզում իր երեխան. «Եթե շարունակ արգելես երեխային անել այս կամ այն բանը, ապա դա նրա մոտ կառաջացնի հակառակն անելու ցանկություն. եթե դու այսպես ես ուզում,ապա ես էլ այնպես եմ ուզում:Այդ պատճառով պետք է փորձել փոխզիջման գնալ, օրինակ` հիմա մենք չենք կարող դուրս գալ փողոց, արի մի փոքր ուշ դա անենք, երբ ես ժամանակ կունենամ,լա՞վ»:
Երեխան ամեն ինչ ավելի հեշտ կընկալի, եթե վերածեք խաղի:Պետք է այնպես անել, որ երեխան ծնողին ընկալի որպես իր ընկեր, ոչ թե որպես թշնամի: