28-ամյա Արմինեն չի մոռանում մանկապարտեզի օրերը, բայց հիշելիս ոչ թե ժպտում, այլ խոժոռվում է. անցել է 22 տարի, ինչ նա թողել է մանկապարտեզը, բայց հիշողությունից չի ջնջվում ընկեր Գրետայի «ահասարսուռ կերպարը»:
«Հիշում եմ` ոնց էր գոռում երեխաների վրա, ստիպելով քնեցնում` վախեցնելով, թե կծեծի: Երբ լաց էիր լինում, ավելի էր բորբոքվում»,-պատմում է Արմինեն, ով արդեն որպես մայր երեխային պիտի մանկապարտեզ ճանապարհի:
Արմինեն ասում է, որ «կոմպլեքսի պես մի բան հանգիստ չի տալիս», դրա համար դեռ չի համարձակվում իր փոքրիկին մանկապարտեզ տանելու մասին մտածել:
Պետականորեն սահմանված է, որ երեխան մանակապարտեզ կարող է հաճախել 1,8-2 տարեկանից սկսած:
«Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան որոշ չափով ակտիվ է, խոսում է, կարելի է տանել նրան մանակապարտեզ, մինչդեռ պետք է կարևորել նաև հոգեբանական գործոնը»,-ասում է մանկապարտեզի տնօրեն, մասնագիտությամբ հոգեբան Կարինե Խաչատրյանը:
Ըստ հոգեբանի` երեխան մանկապարտեզ պետք է հաճախի 3 տարեկանից, որովհետև մինչ այդ փոքրիկը մոր խնամքի, հոգատարության կարիքն ունի, ցանականում է լինել ուշադրության կենտրոնում:
«Երեխան 20-30 փոքրիկների մեջ լիարժեքորեն այդ ուշադրությունը չի կարող ստանալ. որքան էլ դաստիարակը, դայակը հոգատար լինեն, չեն կարող փոխարինել մայրական ուշադրությանը»,-ասում է Խաչատրյանը:
Երեխայի համար դժվար է նաև ընտանիքից կտրվելը` նոր կոլեկտիվ ընդգրկվելով:
«Երեխաներ կան, որոնք պատրաստ են. նրանց տանը ազատություն, ինքնուրույնություն են տվել, և մանկապարտեզին ընտելացումը շուտ է կատարվում,-բացատրում է հոգեբանը,- Փոքրերի համար դա շատ ավելի դժվար է` անծանոթ միջավայր, անծանոթ մարդիկ: Այս դեպքում անհրաժեշտ է անհատական հոգեբանական մոտեցում. որքան մանկավարժը, դաստիարակը հմուտ է, ինտեգրումը հեշտ է կատարվում»:
Դաստիարակը պետք է լինի բարի, ժպտերես, ջերմ, սիրալիր, բանիմաց, որովհետև նրանց ցուցաբերած վերաբերմունքից է շատ անգամ կախված երեխայի առողջ հոգեբանությունը: Այլապես երեխայի մոտ կարող է հակակրանք առաջանալ, և նա հրաժարվի մանկապարտեզ հաճախելուց:
Երեխային օգնելու համար Կարինե Խաչատրյանը կարևորում է նաև ծնող- դաստիարակ, դայակ փոխհարաբերությունը:
«Երբ նրանց մեջ սերտ, ջերմ փոխհարաբերություն է, երեխայի համար դաստիարակը ինքնըստինքյան դառնում է հեղինակություն, կարելի է ասել երկրորդ մայր, և նա շուտ է հարմարվում»:
Լիանա Հովհաննիսյան