Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ`
Ինչպես մեծացնել ինքնավստահ երեխա - մաս 1
Մի միջամտեք
Իհարկե, վերահսկողությունը կարեւոր է` վստահ լինելու համար, որ երեխան ապահով է: Բայց որպեսզի օգնեք փոքրիկին նոր հմտություն ձեռք բերելու գործում, պարզապես փորձեք նրան նաեւ ազատ թողնել: Տվեք երեխային հնարավորություն` փորձելու նոր բաներ,
սխալներ գործել եւ դասեր քաղել սխալներից:
Օրինակ, եթե ձեր տղան ուզում է սովորել սենդվիչ պատրաստել, տվեք նրան այդ հնարավորությունը` տրամադրելով սննդամթերքն ու թույլ տալով, որ դա անի միայնակ: Նա, իհարկե, կխառնի ամբողջ խոհանոցը: Բայց դուք միանգամից մի նետվեք, երբ սեղանին, օրինակ, մի բան թափվի: Խուսափեք նրան քննադատելուց, այլապես նա կարող է նեղվել ու երկրորդ անգամ չփորձել: Եթե դուք օգնության հասնեք, որ նա ավարտուն տեսքի բերի սենդվիչը, փոքրիկը կմտածի, որ ինքը չի կարողանում ինքնուրույն: Բայց եթե դուք համբերություն ունենաք`տանելու խառնաշփոթը եւ թույլ տալու, որ փոքրիկն ինքնուրույն սովորի, ապա վարձահատույցը չի ուշանա: Եվ մի օր նա կգա ու կասի. «ես սոված եմ ու գնում եմ` սենդվիչ պատրաստեմ»: Եվ հնարավոր է դուք էլ խնդրեք, որ մի հատ էլ ձեզ համար սարքի: Եվ դա կլինի նրա կարողություններին ուղղված ձեր վստահության իրական պատասխանը:
Խրախուսեք եւ գովեք
Երբեմն փոքրիկները դադարում են որեւէ բան անել, երբ գլուխ են բարձրացնում վախերը: Անգամ շարունակվող անհաջող փորձերի ժամանակ խրախուսեք երեխային: Կրկին փորձելով` նրանք սովորում են, որ խոչընդոտները հաղթահարելի են: Հենց փոքրիկը հասնի իր նպատակին, դուք կուզենաք գովել ոչ միայն վերջնական արդյունքը, այլեւ նրա պատրաստակամությունը` հասնելու դրան: Օրինակ, երբ ձեր փոքրիկը կկարողանա ինքնուրույն սենդվիչ պատրաստել, նրան վստահելու ձեր մղումն արտահայտեք այսպես. «հաջորդ անգամ կուզես սովորել` ինչպես կոտրել հավկիթը»: Իհարկե, սենդվիչ պատրաստելը կամ ձուն կոտրելը մեծ նվաճումներ չեն, բայց դրանք կարող են էական քայլեր լինել` դեպի փոքրիկի ինքնուրույնություն:
Ազատեք ձեզնից կախված լինելուց
Մանկության տարիներին ծնողները հնարավորություն ունեն` պատրաստելու փոքրիկներին սեփական կարիքները հոգալուն: Իհարկե, հիանալի է, երբ ծնողի կարիքը երեխան զգում է: Բայց հենց փոքրիկը հաստատակամ ինքնավստահություն է ձեռք բերում, ծնող-երեխա հարաբերություններն ավելի հարուստ են դառնում: Ձեր կարիքը կարող են զգալ ոչ միայն կախվածության պատճառով, այլեւ սիրո եւ հարգանքի: Եվ վերջապես, երեխան հետագայում ձեզ պարզապես շնորհակալ կլինի այն բանի համար, որ դուք կյանքի երկար ճանապարհի համար իրեն պատրաստել ու վստահություն եք ներշնչել:
Աղբյուրը` http://kidshealth.org