Ինչպե՞ս մեծացնել սեփական «ես»-ը սիրող, բայց ոչ եսակենտրոն երեխա. հոգեբանի պրակտիկ խորհուրդները

Մանկական եսասիրությունը բավականին տարածված երևույթ է, որը սկսում է ձևավորվել 3 տարեկանի ճգնաժամի հետ զուգահեռ: Հենց այսպես է դրսևորվում երեխայի «ես»- ի ձևավորման փուլը, երբ փոքրիկը սկսում է իրեն ընկալել որպես անհատ:

Ինչպե՞ս հասկանալ՝ որ դեպքում է եսասիրությունը բացասական դրսևորում ստանում,  ինչպե՞ս տարբերակել եսասիրությունը եսակենտրոնությունից, պարզաբանում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը:

Ըստ հոգեբանի՝ 3 տարեկանի ճգնաժամը, որը կարող է սկսվել նաև 2,5 տարեկանում,  ունի իր դրսևորումները, որոնք կարող են ծնողների կողմից ընկալվել որպես եսասիրություն, օրինակ՝ ինքնուրույնության ձգտումը՝ «ես կարող եմ», «ես ուզում եմ»-ները, մեծահասակների հանդեպ բողոքները, համառությունը: Մասնագետի խոսքով՝ սա հենց մեծերին նմանվելու ձգտումն է, նույնականանալու գործընթացը: Այդ դրսևորումները հնարավություն են տալիս երեխային ամրացնել իր «ես»-ը, ձևավորվել որպես առանձին անձ, ով ունի իր կարծիքը, իր երազանքները, նպատակները, դրանց հասնելու ուղիները:

«Ես կարևորում եմ երկու հասկացություններ՝ եսակենտրոնություն և եսասիրություն»,- նշում է Անի Ապիտոնյանը,- Ընդունված է եսասիրությունը համարել վատ հատկանիշ, որը քանդում է մարդ-մարդ հարաբերությունները: Սակայն եսասիրությունը իրականում համարվում է բնական և դրական երևույթ: Դա նշանակում է, որ անձը գնահատում է իրեն, ընդունում և սիրում՝ չարհամարհելով, չանտեսելով այլոց, ընդակառակը՝ ընդունված և հարգված է նաև ուրիշների կողմից»:

Ըստ Անի Ապիտոնյանը՝ եսակենտրոնությունն արդեն կարելի է համարել ախտաբանական հատկանիշ, որի դեպքում անձի բոլոր գործողությունները միտված են ուշադրության կետրոնում լինելուն. ուշադրության խախտման դեպքում նա կարող է ֆրուստրացիա (խաբկանք, հիասթափություն) ապրել և ամեն կերպ փորձել գրավել մարդկանց ուշադրությունը՝ ընդուպ բացասական վարքագծի միջոցով: Եսակենտրոն անձը կարծում է, որ իր շուրջ է պտտվում աշխարհը:

Հոգեբանն ասում է, որ եսակենտրոնությունը ձևավորվում է տան մեծահասակների օգնությամբ, երբ երեխայի հանդեպ տարվում է գերխնամք, փորձ է կատարվում բավարարել նրա ցանկացած ցանկություն:

«Եսակենտրոնությունն իր սաղմերը կարող է գցել վաղ մանկության շրջանից, երբ ամեն կերպ փորձ է արվում երեխային պահել ուշադրության կենտրոնում՝ զրկելով նրան ինքնուրույն խաղից, միայնակ «խորհելու» իրավունքից: Երեխան սովորում է մշտապես «պատրաստ» պահել ծնողներին, անգամ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասում է Անի Ապիտոնյանը:

Եվ վերջում որպես խորհուրդ՝ հոգեբան Անի Ապիտոնյանը ծնողների համար առանձնացնում է մի քանի դիտարկում.

  1. Ծնողական սերը պետք է իմաստավորել՝ դրա մեջ դնելով նպատակ:
  2. Տալ երեխային փորձ և ինքնուրույնություն՝այն յուրացնելու համար:
  3. Լսել և չընդհատել երեխայի խոսքը:

4.Հարգել նրա ցանկությունները և զգացմունքները՝ հիմք ընդունելով նրա զարգացման հեռանկարը:

5.Հետևել սեփական վարքին՝ հասկանալու համար՝ արդյո՞ք երեխայի  շփման խնդիրները ծնողի վարքի ընդօրինակումը չեն:

6.Հետևել խոսքերին՝ դուրս գրելով այն բառերը, որոնք ամրապնդում կամ ձևավորում են եսակենտրոնություն: Դրանք փոխարինել այլ, առավել օբյեկտիվ վերաբերմունք արտահայտող բառերով:

 

Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան