Սեռական շրթերի սերտաճում․ ինչու՞ է այն առաջանում երեխայի մոտ և ինչպե՞ս է բուժվում

Ներկայացնում է ԵՊԲՀ-ի կողմից հրավիրված մասնագետ, «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանը:   

Սեռական շրթերի սերտաճումները` սինեխիանները, վիճակներ են, որոնց դեպքում հաճախ տեղի է ունենում սեռական փոքր շրթերի, հազվադեպ` սեռական մեծ շրթերի կպում, սերտաճում միջին գծի ուղղությամբ: Սրանք աղջիկների մոտ դիտվում  են մինչ սեռահասունացումը, ամենից շատ՝ 6 ամսականից մինչև 7-8 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Կոնկրետ սեռական փոքր շրթերի սերտաճման  հիմքում ընկած են էստրոգենների՝ կանացի հորմոնների ցածր մակարդակը, մաշկի կպչելու հատկությունը, որը պայմանավորվում է կոլագենի բարձր մակարդակով:

Երբ սերտաճման ժամանակ  կպման մակերեսը փոքր է, հնարավոր է՝ գանգատները բացակայեն, և խնդիրը հայտնաբերվի պատահականորեն ծնողի կամ բժշկի կողմից: Իսկ երբ շփման մակերեսն արդեն մեծ է, կպչում է ողջ հատվածը մինչև միզուկ կամ միզուկը ևս ներգրավում է պրոցեսի մեջ, ախտանշանները սկսում են ի հայտ գալ: Երեխայի մոտ կարող են դիտվել դիսկոմֆորտ, տհաճ զգացողություն, կարմրություն, արտադրություն հեշտոցից, միզարձակման դժվարություններ: Լինում են դեպքեր, որ նույնիսկ բալիկները չեն կարողանում միզել, պրոցեսն ուղեկցվում է ցավով և լացով:

Բուժման մեթոդները  երկուսն են՝  սեռական փոքր շրթերի անջատում կոնսերվատիվ եղանակով և վիրահատական: Կոնսերվատիվ մեթոդի պարագայում բժիշկն ընտրում է էստրոգեններ պարունակող քսուքներ: Քսում են այն հատվածին, որը պետք է անջատել, և դա ժամանակի ընթացքում մերսումների օգնությամբ է իրականացվում։ Քսուքը կարելի է օգտագործել մոտ 6 շաբաթ: Ալտերնատիվ տարբերակ է համարվում գլյուկոկորտիկոիդներ պարունակող քսուքների գործածումը: Որպեսզի խուսափենք և կանխարգելենք սեռական շրթերի սերտաճումը բալիկի մոտ, անհրաժեշտ է հետևել նրա հիգիենային: Լավագույնը, որ կարող են ծնողներն անել՝  օրիորդներին արգելել նեղ ներքնաշոր ու հագուստ կրել,  սահմանափակել օճառի կիրառումը (հատկապես մաշկի չորացմանը նպաստող օճառների) հարկավոր է երեխայի համար ընտրել լոգանքի ճիշտ միջոցներ։ 

 

Մանկական գինեկոլոգի հեռախոսահամարն է՝ 094 02 98 98, 095 02 98 98։