Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը։
Մեծահասակները երեխաների հանդեպ իրենց սերն արտահայտելիս երբեմն անում են գործողություններ, որոնք ոչ թե օգտակար են, այլ վնասակար։ Այդպիսի գործողությունների շարքում առաջինը երեխային թռցնելու սովորությունն է։ Խաղի նման տեսակից հարկավոր է խուսափել։ Բացատրենք, թե ինչու։ Դա կարող է հանգեցնել հոդախախտերի ու վնասվածքների առաջացման, երբ պարզապես չհասցնեք բռնել երեխային վեր նետելուց հետո։ Բացի այդ, թռցնելու արդյունքում հնարավոր է այնպիսի մի վտանգավոր վիճակի զարգացում, ինչպիսին է «թափահարված երեխայի համախտանիշը»։ Նույնը վերաբերում է երեխային թափահարելուն, հատկապես քնեցնելու նպատակով։ Որքան էլ ուժեղ փորձեն թափահարել, միևնույն է, երեխան չի քնի, եթե ինչ-որ բան անհանգստացնում է։
Փոքրիկին խուտուտ տալը երկրորդ անցանկալի երևույթն է։ Ուրախության հետ ասոցացվող այդ խաղը ոչ այլ ինչ է, քան անկառավարելի ռեֆլեկտոր ծիծաղ։ Եթե երբևէ ուշադրություն դարձնեք, կտեսնեք՝ խուտուտի պահին երեխաները սկսում են գալարվել, խուսափել դիմացինի ձեռքերից, բայց հաճախ չեն հասցնում շունչ քաշել՝ ասելու համար, որ բավարար է։ Հարկ է հիշել, որ չափից շատ խուտուտը կարող է բերել շնչահեղձության։ Հարկավոր է վերանայել զվարճանքի տվյալ տեսակը և փոխարինել այն մեկ ուրիշով։
Նշենք, որ բալիկին օրորելու ձևը նույնպես ուշադրության է արժանի։ Երեխային օրորել թույլատրվում է, այն նպաստում է արագ ու հեշտ քնեցնելուն, սակայն դա պետք է անել ճիշտ և ապահով գրկած դիրքում, թեթևակի ու կարճատև։ Այլապես կարող է տանել թվացյալ քնի, բայց իրականում լինել ուշագնացություն (հավասարակշռության համար պատասխանատու վեստիբուլյար ապարատի զարգացած չլինելու պատճառով), ստեղծել կախվածություն տվյալ գործընթացից։ Պետք է կիրառել այլ մեթոդներ, ներմուծել քնի ծեսեր։
Աղբյուրը՝ Աննա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջ