«Իմ փոքրիկ»-ը զրուցել է բժիշկ-նեոնատոլոգ, նորածնային սիմուլյացիոն կենտրոնի մարզիչ Տաթև Ավանեսյանի հետ։
Նորածնի սենյակի ջերմաստիճանը
Օպտիմալ ջերմաստիճանի պահպանումը երեխայի նորմալ աճի պարտադիր պայմանն է։ Նորածնի սենյակի ջերմաստիճանը պետք է պահել միջինում 23 ͦ C, քնի ժամերին՝ 18-20 ͦ C՝ չմոռանալով ապահովել օդի խոնավացում 40-60 %։ Նկատենք, որ նորածինների ջերմակարգավորումը խիստ տարբերվում է մեծահասակների մոտ ընթացող նույն պրոցեսից։ Փոքրիկի նյութափոխանակությունն ավելի ինտենսիվ է, դրա համար անհրաժեշտ պայման է ջերմաչեզոք գոտու ադեկվատ պահպանումը (արտաքին միջավայրի ջերմաստիճանն է, որի պարագայում նյութափոխանակության արագությունը և թթվածնի ծախսը նվազագույնին են հասցված)։ Վերջինս կախված երեխայի տարիքից տարբեր է:
Նորածնի հագուստը, երբ դրսում ցուրտ է
Առաջնահերթ պետք է հասկանանք, որ երեխայի համար վտանգավոր է և՛ գերտաքացումը, և՛ գերսառեցումը։ Տան պայմաններում երեխային երկշերտ հագցնելը բավական է՝ ներքնաշոր, իսկ վրայից կոմբինեզոն և գուլպաներ։ Անկախ տարվա եղանակից՝ գլխարկ պետք է հագցնել միայն լոգանքից հետո, քանզի ամենաարագ և ամենաշատ ջերմակորուստը լինում է հենց գլխից։ Ձմռանը զբոսնելիս քամոտ եղանակին գլխարկ կրելն անհրաժեշտ է։
Նորածնի հագուստը, երբ դրսում շոգ է
Հարկավոր է հագցնել բալիկին եղանակին համապատասխան, ամռան ամիսներին նույնիսկ մեկ կտոր հագուստը բավարար է։ Հագուստը պետք է լինի ազատ, բամբակյա։ Առհասարակ, նորածնի զբոսանքը սկսում ենք արդեն իսկ հետծննդյան առաջին օրերին, սկզբում տևողությունը կարող է լինել 5-10 րոպե, որն ընթացքում կհասցվի 1-2 ժամի։ Նախընտրելի է զբոսնել մինչև 12:00 և/ կամ 17:00-ից հետո։ Երեխային 40 օր տանը պահելու կարիք չկա։ -10 ͦ С-ի դեպքում կարելի է բավարարվել երեխային բաց պատշգամբ դուրս բերելով։ Շոգ եղանակին զբոսնելիս խուսափում ենք արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց, պարտադիր գլխարկ ենք հագցնում փոքրիկին: Ինչպես նաև չենք մոռանում վերցնել երեխայի ջուրը (6 ամսականից)՝ խուսափելով հնարավոր ջրազրկումից։ Զբոսանքի հետ զուգակցում ենք վիտամին D-ի օգտագործումը, ինչը ցանկալի է անել մինչև 2 տարեկան։
Ո՞ր նշանները կհուշեն մայրիկին նորածնի մրսելու, և որո՞նք՝ շոգելու մասին
Կա թյուր կարծիք, որ եթե երեխայի ձեռքերը սառն են, ապա երեխան մրսում է։ Ո՛չ, երեխայի վերջույթների ջերմաստիճանը ցածր է մարմնի ջերմաստիճանից՝ պայմանավորված արյան շրջանառության առանձնահատկություններով։ Կարելի է կողմնորոշվել՝ հպվելով երեխայի պարանոցի հետին մասին։ Եթե վերջինս տաք է և խոնավ, հավանաբար գերտաքացում է սկսվում։ Իսկ եթե չոր ու սառը՝ հակառակը։ Տաքանալու պարագայում երեխայի մաշկը կարմրում է, քրտնում, փոքրիկը կարող է շատ անհանգիստ լինել կամ ընկճված։ Սառեցման պարագայում մաշկը գունատ է, հնարավոր է քիթ-շրթունքային եռանկյունին կապտավուն երանգ ձեռք բերի։ Նման դեպքերում պետք է կատարել ջերմաչափում թևատակում՝ էլեկտրոնային ջերմաչափի օգնությամբ։ Սովորաբար լինում է 36,5-37,5 ͦС: Ցանկացած ջերմաստիճանային տատանման պարագայում անհրաժեշտ է դիմել մանկաբույժի և ինքնաբուժմամբ չզբաղվել: