Բարուրե՞լ փոքրիկին, թե՞ ոչ. պարզաբանում է մասնագետը

Առհասարակ նորածնին բարուրել խորհուրդ չի տրվում, իսկ ամուր բարուրելն առավել քան վտանգավոր է: Ինչու՞: «Նախևառաջ, ծագում է հիպոթերմիայի վտանգ:

Երեխայի մարմնի և տակաշորի միջև օդի շերտ գրեթե չի մնում, որը թույլ չի տալիս պահել ջերմությունը: Մարմնի սեղմված հատվածներում նվազում է արյան շրջանառությունը, և դա հանգեցնում է տվյալ մասերում ջերմաստիճանի անկմանը»,- նշում է բժիշկ-նեոնատոլոգ, նորածնային սիմուլյացիոն կենտրոնի մարզիչ Տաթևիկ Ավանեսյանը:                                       

Նրա խոսքով` ամուր բարուրելը նվազեցնում է նաև թոքերի րոպեական ծավալը` ստոծանու շարժումների սահմանափակման հետևանքով, խանգարում կրծքով սնուցմանը: Փոքրիկը չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանն այնպես, որ ամուր ամրակցվի կրծքին: Նա լինում է քնկոտ, ինչը լակտացիայի վաղ շրջանում խոչընդոտում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը:

«Պինդ բարուրված վիճակը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի զարգացման վրա, որովհետև բալիկի վերջույթների շարժումները սահմանափակվում են»,- ընդգծում է մասնագետը: Հետևաբար նորածնին պետք է հագցնել ազատ, հատկապես վերջույթները` օգտագործելով բամբակյա հագուստ:                                   

 

Աղբյուր` Տաթևիկ Ավանեսյանի ֆեյսբուքյան էջ