«Հետք»-ը, շարունակելով սննդամթերքի փորձաքննությունների շարքը, 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
Մինչ արդյունքները ներկայացնելը փաստենք, որ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում (տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է) խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի: ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ընդհանրապես պետք է չլինի։ Աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայության հիմնական պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է հումքի հավաքման կամ արտադրական պրոցեսի ընթացքում։ Կաթնաշոռում խմորասնկերի ու բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։ Խմորասնկերի ու բորբոսասնկերի բարձր թիվը կարող է նաև նշանակել, որ կաթնաշոռը պատրաստված է երկրորդական հումքի վերամշակումից (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։ Այս ցուցանիշների՝ նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է, քանի որ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։ Ինչ վերաբերում է կաթնաթթվային մանրէներին, կաթնաշոռում դրանք պետք է լինեն >10^6 ԳԱՄ/գ-ից։
Այսպիսով, փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։
10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի բարձր քանակ։ Դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։
Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է երեք նմուշում՝ «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։
Երեք ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։
Երեք նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։
Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։
Ընդհանուր 10-ից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Այլ մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում