Լուսանկարի փոքրիկը Արևիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։ Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար և ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ ու հզոր տեսակ են։
Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է և մինչ օրս համարվում է անհետ կորած, իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։
Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել, անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։
42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։ Արևիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու։