Կարո՞ղ են արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստվել հղիներն ու կերակրող կանայք․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույցը

Լուրեր

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի տարբերությունները ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Գոյություն ունի ՔՈՎԻԴ-19–ի դեմ պատվաստանյութերի երկու տեսակ՝ մՌՆԹ և վիրուսի վեկտորային: Ինչպես մնացած բոլոր պատվաստանյութերը, դրանք ևս ստուգվել են ապահովության և արդյունավետության մանրակրկիտ ստանդարտներով: Ինչ վերաբերում է մՌՆԹ պատվաստանյութերին, ապա դրանք նոր տեսակ են: Սակայն հետազոտողները տասնյամյակներ շարունակ ուսումնասիրում և աշխատում են դրանց շուրջ:

 

Ի՞նչ է մՌՆԹ-ն

մՌՆԹ–ն վերծանվում է որպես մեսենջերային ռիբոնուկլեինաթթվի (mRNA) մոլեկուլ, որը բջիջներին հրահանգում է արտադրել սպիտակուց: Մարդու օրգանիզմը մՌՆԹ արտադրում է բնական ճանապարհով, որն օրգանիզմին անհրաժեշտ է կենսագործունեությանն անհրաժեշտ սպիտակուցներ արտադրելու համար: մՌՆԹ պատվաստանյութերը գործի են դնում ծրագրավորված և սինթեզավորված մՌՆԹ, որը օրգանիզմի իմունային բջիջներին սովորեցնում է ստեղծել հակամարմիններ, որոնք կարող են պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վիրուսի դեմ: ՔՈՎԻԴ-19-ի դեմ Pfizer–BioNTech և Moderna պատվաստանյութերը պարունակում են մՌՆԹ:

Վիրուսի վեկտորային պատվաստանյութերը կիրառում են անվնաս/թուլացած վիրուսներ՝ հատուկ SARS–CoV–2 (ՔՈՎԻԴ–19) սպիտակուց արտադրելու և օրգանիզմին սպիտակուցներ արտադրել սովորեցնելու համար, որոնք կխթանեն իմունային արձագանքը այն ժամանակ, երբ ՔՈՎԻԴ-19-ի վիրուսը թափանցի օրգանիզմ: Պատվաստանյութերի մեծ մասն աշխատում է այդպես: ՔՈՎԻԴ-19-ի դեմ Johnson & Johnson և AstraZeneca-Oxford պատվաստանյութերը վեկտորային պատվաստանյութեր են:

Ի տարբերություն վեկտորային պատվաստանյութերի՝ մՌՆԹ պատվաստանյութերը գործող բակտերիայի կամ վիրուսի փոխարեն կիրառում են մՌՆԹ մոլեկուլ: ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի մեջ առկա մՌՆԹ-ն ՔՈՎԻԴ-19-ից տեղեկատվություն է տրամադրում մարմնին՝ դրանով օրգանիզմին թույլ տալով արտադրել SARS-CoV-2-ի ելուստներով սպիտակուց: Այս սպիտակուցները այդուհետ խթանում են իմունային արձագանքը՝ օրգանիզմը պատրաստելով վիրուսի դեմ պայքարին, եթե այն իսկապես վարակվի:

 

ՔՈՎԻԴ-19-ի դեմ ինչպես մՌՆԹ, այնպես էլ վիրուսի վեկտորային պատվաստանյութերը համապատասխանում են ապահովության, արդյունավետության և որակի միևնույն բարձր ստանդարտներին:

Քանի որ մՌՆԹ պատվաստանյութերը նոր տեսակի են, մարդիկ սովորաբար բազմաթիվ հարցեր են ունենում դրանց վերաբերյալ, և, ցավոք, շատ են նաև հորինվածքներն ու ապատեղեկատվությունը: Եկեք քննարկենք ամենահաճախ տրվող հարցերը և անդրադառնանք ամենատարածված հորինվածքներին:

 

մՌՆԹ պատվաստանյութերը ավելի արդյունավե՞տ են, քան վիրուսի վեկտորային պատվաստանյութերը

ԱՀԿ–ի կողմից հաստատված ՔՈՎԻԴ–19–ի դեմ բոլոր պատվաստանյութերը ապահով են և արդյունավետ: ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը անմիջականորեն չի համեմատվել միևնույն բնակչության շրջանում, ուստի մՌՆԹ և վիրուսի վեկտորային պատվաստանյութերի արդյունավետությունը չի կարող անմիջականորեն համեմատվել միմյանց հետ: Այդուհանդերձ, մՌՆԹ պատվաստանյութերը դրսևորել են արդյունավետության բարձր աստիճան բնակչության տարբեր խմբերի շրջանում. ՔՈՎԻԴ–19–ի դեմ Pfizer BioNTech պատվաստանյութն ունի 95% արդյունավետություն, Moderna պատվաստանյութն ապահովել է շուրջ 94,1% արդյունավետություն:

 

մՌՆԹ պատվաստանյութերը կարո՞ղ են անձին վարակել ՔՈՎԻԴ–19–ի վիրուսով

Ո՛չ, մՌՆԹ պատվաստանյութերը, ըստ էության, չեն պարունակում ՔՈՎԻԴ–19 հարուցող վիրուս, ուստի դրանք չեն կարող անձին վարակել ՔՈՎԻԴ–19–ի վիրուսով: Պատվաստումից հետո կարող է ի հայտ գալ մարմնի ցավ կամ թույլ արտահայտված ջերմություն: Դրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ օրգանիզմը գործի է դրել իր պաշտպանական իմունային արձագանքը, իսկ պատվաստանյութը սկսել է անել իր գործը: ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութ ստացողների գերակշիռ մասն ասել է, որ կողմնակի հետևանքները անհետացել են մեկ կամ երկու օրվա ընթացքում:

 

մՌՆԹ պատվաստանյութերը փոխո՞ւմ են արդյոք ԴՆԹ–ն

Ո՛չ: Էական տարբերություն կա մՌՆԹ–ի և ԴՆԹ–ի միջև: Մեր գենետիկ կոդը՝ ԴՆԹ–ն, մեծ է և երկշղթա, մինչդեռ մՌՆԹ–ն միաշղթա է և ծրագրավորված է բջջի հատվածներին հրահանգներ փոխանցելու համար: ԴՆԹ–ն լինում է բջջի պաշտպանված կենտրոնում՝ միջուկում: Պատվաստանյութի մՌՆԹ–ն չի ներթափանցում միջուկ և երբեք չի շփվում գենետիկ նյութի՝ ԴՆԹ–ի հետ: Բացարձակ հնարավոր չէ, որ մՌՆԹ պատվաստանյութը փոխի ԴՆԹ–ն: մՌՆԹ պատվաստանյութի տեխնոլոգիան ուսումնասիրվել է տասնամյակներ շարունակ, այդ թվում՝ Զիկա վիրուսի, կատաղության և գրիպի դեմ պատվաստանյութերի առնչությամբ:

Ինֆորմացիոն (տեղեկատվական) ռիբոնուկլեինաթթվի կամ մՌՆԹ–ի (mRNA) հիման վրա պատրաստված ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերն առհասարակ չեն շփվում ԴՆԹ–ի հետ: Երբ մՌՆԹ–ի  պատվաստանյութը ներարկվում է օրգանիզմ, սկսում է բջիջների հետ սպիտակուցներ արտադրել: Այն չի ներթափանցում միջուկ՝ բջջի հսկիչ կենտրոն, որտեղ տեղակայված է գենետիկ նյութը՝ ԴՆԹ–ն: Երբ իմունային բջիջները գործարկում են հրահանգները, դրանք քայքայում են մՌՆԹ–ն, և այն մի քանի շաբաթվա ընթացքում դուրս է գալիս օրգանիզմից:

 

մՌՆԹ պատվաստանյութերն ունե՞ն արդյոք որևէ հակացուցում

Չնայած հազվադեպ, այդուհանդերձ, կան տվյալներ, որ մՌՆԹ պատվաստանյութերն ընդունելուց հետո սակավաթիվ մարդկանց մոտ դրսևորվել է անաֆիլաքսիա՝ ալերգիկ ռեակցիա: Եթե ալերգիկ ռեակցիան ի հայտ է գալիս մՌՆԹ պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո, ապա պատվաստանյութի երկրորդ դեղաչափը պետք չէ ընդունել: Նման դեպքում կարող եք խորհրդակցել ձեր բժշկի հետ, թե որ պատվաստանյութը կարող է նպատակահարմար լինել երկրորդ դեղաչափի համար, որպեսզի պատվաստումը լինի լիարժեք: Պատվաստանյութի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ նախկինում անաֆիլաքսիայի դրսևորումները համարվում են պատվաստման հակացուցում:

 

Ո՞վ կարող է ստանալ մՌՆԹ պատվաստանյութերը

Ապացուցվել է, որ պատվաստանյութը ապահով և արդյունավետ է բնակչության բոլոր խմբերի, այդ թվում՝ այնպիսի լուրջ հիվանդություններ ունեցողների համար, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, շաքարախտը, ասթման, թոքերի, լյարդի կամ երիկամների հիվանդությունները, ինչպես նաև՝ քրոնիկ վարակները, որոնք կայուն են և վերահսկելի: Ակնկալվում է, որ հղի և կրծքով կերակրող կանանց համար պատվաստանյութը նույնքան արդյունավետ է, որքան այլ չափահաս անձանց պարագայում: մՌՆԹ պատվաստանյութերը կիրառվում են նաև 12–18 տարեկան դեռահասներին պատվաստելու համար:

 

Այդուհանդերձ, տվյալներ կան մՌՆԹ պարունակող պատվաստանյութով պատվաստվելուց հետո միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) սակավաթիվ դեպքերի մասին: Այն առավել հաճախ ի հայտ է եկել արական սեռի 12–ից 29 տարեկան երիտասարդների շրջանում՝ սովորաբար երկրորդ դեղաչափից մի քանի օր անց: Այդ վիճակը, որպես կանոն, թույլից միջին դրսևորումներ է ունենում, և խնամառուներից շատերը, որոնք պատշաճ բժշկական օգնություն և բուժում են ստացել, արագ ապաքինվել են: Շարունակվում են հետազոտությունները՝ գնահատելու համար հավելյալ վտանգները:

 

Աղբյուրը՝ https://www.unicef.org/

 

Գովազդ