Կեղծ լուր․ պատվաստումից հետո 1,5 տարի չի կարելի երեխա ունենալ․ «media.am»

Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում ստեղծվեց ֆեյսբուքյան նոր էջ՝ «Կորոնավիրուս = դարի աֆերա»։ Այն զբաղված էր կորոնավիրուսի, դրա դեմ պայքարի մասին կեղծ լուրեր և դավադրության տեսություններ տարածելով։ Էջը ստեղծվել է 2020-ի ապրիլի 3-ին: Կառավարվում է ֆեյսբուքյան երկու օգտահաշիվների կողմից՝ Ռուսաստանի տարածքից:

Էջի հետևորդների թիվը ավելի քան 4800 է: Media.am-ը մի քանի անգամ անդրադարձել է վերջինիս հրապարակած ապատեղեկատվություններին։ Այժմ էջը հետևողականորեն հակապատվաստումային արշավ է իրականացնում։ Հուլիսի 12-ին, օրինակ, գրել էր, թե պատվաստումից հետո 1,5 տարի չի կարելի երեխա ունենալ, և, որ խոսքը ոչ թե հորինվածքի, այլ բժիշկների խորհուրդների մասին է։


«Սա ես չեմ հորինել, այլ բժիշկների խորհուրդն է: Նոր սերնդի պատվաստանյութը առնվազն մեկ ու կես տարի գործելու է պատվաստվողի օրգանիզմում, և շատ տրամաբանական է, որ այդ ընթացքում չի կարելի երեխա ունենալ…»,- գրել էր էջը։
Անպտղությունը կամ երեխա ունենալու հակացուցումը հակապատվաստումային շարժման ամենահայտնի միֆերն են։ Իրականում կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստման և անպտղության միջև չկա կապ, ավելին՝ մասնագետների խոսքով՝ նախքան հղիանալը խորհուրդ է տրվում պատվաստվել COVID19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկով, քանի որ հղիները դասվում են խոցելի անձանց խմբին և կարող են առավել ծանր տանել հիվանդությունը։


Հղիների պատվաստվել-չպատվաստվելու հարցն արդիական էր պատվաստանյութի ստեղծման սկզբնական փուլում, երբ դեռևս հայտնի չէր դրա ազդեցությունը նրանց վրա ինչպիսին կարող է լինել։


Պատվաստանյութերի հարցով Գերմանիայի մշտական հանձնաժողովը ասել էր, որ հղի կանանց շրջանում պատվաստանյութի ազդեցության մասին տվյալները քիչ են, քանի որ հղիները, որպես կանոն, կլինիկական փորձարկման փուլին չեն մասնակցում։ Սակայն իրավիճակը փոխվում է, քանի որ հղիների շրջանում փորձարկումներ ևս իրականացվել են։ 2021-ի փետրվար ամսին BioNTech-ը և Pfizer-ը հայտարարեցին, որ սկսել են կլինիկական փորձարկումները նաև հղիների դեպքում՝ հասկանալու պատվաստանյութի էֆեկտիվությունը նրանց շրջանում։


Մեծ Բրիտանիայում վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված հղիների շրջանում մեռելածնությունը կամ երեխայի վաղաժամ ծնունդը առավել բարձր է եղել։


Լոնդոնում գործող Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (Royal College of Obstetricians and Gynaecologists) հրապարակած վերջին խորհուրդներում թվարկում է հղիության ընթացքում կամ դրանից հետո պատվաստվելու առավելությունները.

Հղիության ծանր ընթացքի նվազում
Մեռելածնության և վաղաժամ ծնունդի ռիսկի նվազեցում
Տան խոցելի անդամներին վիրուսի փոխանցման ռիսկի նվազեցում:

Խորհուրդներում առանձնացված են նաև մի քանի կարևոր հանգամանքներ՝ կապված պատվաստումներ հետ։


COVID19-ի դեմ պատվաստանյութերը պետք է կիրառելի լինեն հղիների համար այնպես, ինչպես մյուս խմբի անձանց։ Պատվաստանյութը չի պարունակում որևէ բաղադրիչ, որը հակացուցված է հղիներին։
Հղիները պատվաստվելու մասին որոշումը պետք է կայացնեն մասնագետի հետ խորհրդատվությունից հետո՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը
Կարիք չկա դադարեցնելու կրծքով կերակրումը, եթե պատվաստվել եք։
Պատվաստվելուց հետո հղիությունից խուսափելու կարիք չկա․ չկա որևէ ապացույց, որ COVID19-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Գովազդ