Կրծքով կերակրող աշխատող մայրերին տրամադրվող ընդմիջումների տևողությունն առաջարկվում է վերանայել

Լուրեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունը վերաբերում է երեխային կրծքով կերակրող աշխատող կանանց տրամադրվող ընդմիջումների տևողության վերանայմանը։

Գործող կարգավորումներով՝ երեխային կրծքով կերակրելու համար աշխատող մորը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը կես ժամ տևողությամբ։ Նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները, ցանկության դեպքում, միավորել և միացնել, օրինակ՝ հանգստի և սնվելու համար նախատեսված ընդմիջմանը։

Նախատեսվում է հնարավորություն տալ նաև մինչև 1,5 տարեկան երեխա խնամող աշխատող մայրերին, իրենց ցանկությամբ, աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Գործող կարգավորումների համաձայն՝ այդ ռեժիմով կարող են աշխատել մինչև 1 տարեկան երեխա խնամող մայրերը։ Հարկ է նկատի ունենալ, որ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատելու դեպքում՝ աշխատանքը վարձատրվում է փաստացի կատարվածին համապատասխան։

 

Աղբյուրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Գովազդ