Մանկապարտեզների ընդունելությունը վերսկսում է․ կգործի նոր կարգ

Լուրեր

Փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի տեղեկացմամբ՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:

Ըստ նրա՝ երեխաների վերընդունելությունը նախակրթարաններ կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի`

Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝

✔ զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ,
✔ 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն,
✔ ծնողներից մեկը մահացած է:

Այնուհետև, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:

Հերթագրված երեխաների ընդունելություն

Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:

✔ Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:
✔ Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության:

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը»:

 

Աղբյուրը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանի ֆեյսբուքյան էջ

Գովազդ