Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում

Լուրեր

Արտամարմնային ճանապարհով աշխարհում ծնված առաջին երեխան Լիզա Բրաունն է: Նա ծնվել է Լոնդոնում` 1978 թվականին: Այդ օրվանից ի վեր արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների թիվը ողջ աշխարհում հասնում է 2 մլն-ի:

Թեմայի վերաբերյալ իր պարզաբանումներն է տալիս «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»  գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը:

- Ընդհանրապես ե՞րբ է ամուսնական զույգը համարվում անպտուղ:

- Եթե վերարտադրողական տարիքի զույգի մոտ հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի 1 տարվա ընթացքում հղիություն չի դիտվում, կարելի է մտածել անպտղության մասին, դիմել բժշկի` հետազոտվելու և բուժվելու համար: Եվ քանի որ երեխա ունենում է զույգը, հետևա­բար հետազոտման և ստուգ­ման նպատակով բժշկի պետք է դիմի զույգը, որովհետև չի կարելի կանխորոշել, թե որ գործոնով է պայմանավորված անպտղությունը` տղամարդկային, թե կանացի: Դրա համար միաժամանակ հետազոտվում են` ամուսինը անդրոլոգի, և կինը` գինեկոլոգի մոտ, պարզելու համար անպտղության հնարավոր պատճառները: Որոշ դեպքերում հնարավոր է, որ և' կնոջ, և' ամուսնու մոտ միաժամանակ լինեն հղիությանը

Արտամարմնային ճանապարհով աշխարհում ծնված առաջին երեխան Լիզա Բրաունն է: Նա ծնվել է Լոնդոնում` 1978 թվականին: Այդ օրվանից ի վեր արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների թիվը ողջ աշխարհում հասնում է 2 մլն-ի:

Թեմայի վերաբերյալ իր պարզաբանումներն է տալիս «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»  գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը:

- Ընդհանրապես ե՞րբ է ամուսնական զույգը համարվում անպտուղ:

- Եթե վերարտադրողական տարիքի զույգի մոտ հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի 1 տարվա ընթացքում հղիություն չի դիտվում, կարելի է մտածել անպտղության մասին, դիմել բժշկի` հետազոտվելու և բուժվելու համար: Եվ քանի որ երեխա ունենում է զույգը, հետևա­բար հետազոտման և ստուգ­ման նպատակով բժշկի պետք է դիմի զույգը, որովհետև չի կարելի կանխորոշել, թե որ գործոնով է պայմանավորված անպտղությունը` տղամարդկային, թե կանացի: Դրա համար միաժամանակ հետազոտվում են` ամուսինը անդրոլոգի, և կինը` գինեկոլոգի մոտ, պարզելու համար անպտղության հնարավոր պատճառները: Որոշ դեպքերում հնարավոր է, որ և' կնոջ, և' ամուսնու մոտ միաժամանակ լինեն հղիությանը խոչընդոտող պատճառներ:

- Այժմ ամբողջ աշխարհում բավական մեծ տարածում ունի արտամարմնայի բեղմնավորման մեթոդը: Ե՞րբ են Հայաստանում սկսել կիրառել այն:

- Գիտության նվաճումներն այսօր հնարավորություն են տվել պարզելու անպտղության պատճառները, առաջարկվել են դրանց համապատասխան ախտորոշման և բուժման մեթոդներ: Բայց, իհարկե, բուժման ոչ բոլոր մեթոդներն են արդյունավետ բոլոր զույգերի համար: Ահա թե ինչու պահանջարկն առաջ բերեց նաև դրա արդյունքը, այսինքն, ստեղծվեց արտամարմնային բեղ­մնա­վորման մեթոդը: Հայաստանի Հանրապետությունում այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են 1996-97 թվականներից: Բժիշկների խումբը պրոֆեսոր Գ. Գ. Օկոևի գլխավորությամբ սկսել է համագործակցություն Ֆրանսիայի Մարսել քաղաքի "Մարդու վերարտադրողականության բժշկական ինստիտուտի" բժիշկների խմբի հետ, պրոֆեսոր Ժ. Պ. Ֆրանկեբալմի և բժիշկ Շպակի ղեկավարությամբ: Այդ ուղղությամբ իրականացվել են բժիշկների և' գործնական, և° տեսական վերապատրաստումներ:
Հայաստանում առաջին երեխաները, որոնք լույս աշխարհ են եկել արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, ծնվել են 2004 թվականի փետրվարի 5–ին,"Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում", եռյակ` 2 աղջիկ և մեկ տղա: Եվ կարելի է ասել, որ այդ օրվանից այս բնագավառում շարունակվում է մեր հաղթարշավը: 2004 թվականից աշխատանքներն իրականցվում են զուտ հայ բժիշկների կողմից` պրոֆեսոր Գ. Գ. Օկոևի ղեկավարությամբ:

- Որքանո՞վ է Հայատանում կայացել այդ մեթոդի կիրառումը, և քանի՞ երեխա է այսօր ծնվել արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:

Մինչ արտամարմնային բեղմնավորման մեթոդներին անցնելը կցանկանայի մի փոքր ներկայացնել, թե ինչպես է ընդհանրապես տեղի ունենում հղիությունը: Նախ պետք է ամուսնու մոտ բավարար որակի և քանակության սերմնաբջիջներ լինեն, կնոջ ձվարանում պետք է արտազատվի ձվաբջիջ: Պետք է անցանելի լինեն կնոջ ար­գանդափողերը, որովհետև սերմնաբջիջը պետք է ներթափանցի արգանդախոռոչ, ապա փողերով հասնի փողերի ծայրամասը և այնտեղ հանդիպի ձվաբջջին: Հետագայում, եթե տեղի ունենա բեղմնավորում, ապա 7-8 օրվա ընթացքում բեղմնավորված ձվաբջիջն արգանդափողից հասնում է արգանդի խոռոչ և տեղադրվում արգանդի լորձաթաղանթում: Հետևաբար արգանդի լորձաթաղանթը նույնպես պետք է լինի առողջ, որպեսզի սաղմը կարողանա ներդրվել և աճել: Իսկ մինչ այդ արգանդի վզիկը պետք է առողջ լինի, արգանդի վզիկի խողովակի լորձը կանոնավոր փոխի իր ֆիզիկաքիմիական հատկությունները դաշտանային ցիկլի ընթացքում, որպեսզի տղամարդու սերմնաբջիջը կարո­ղանա անցնել այդ պատնեշը: Սրանցից յուրաքանչյուր պայմանի խախտման դեպքում մենք գործ ունենք անպտղության հետ:

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կնոջը տրվում են հորմոնալ պատրաստուկներ, որոնց ազդեցության տակ կնոջ մոտ ձվարանում զարգանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ձվաբջիջ: Ձվաբջիջների զարգացումը ենթարկվում է հսկողության. դա կարող է լինել հորմոնալ կամ գերձայնային մոնիթորինգ: Դրանից հետո, երբ դրանք հասնում են իրենց օպտիմալ չափերի, կատարվում է ասպիրացիա, այսինքն օրգանիզմից դուրս են բերվում այդ ձվաբջիջները, որոնք արտամարմնային, փորձանոթային պայմաններում տեղակայվում են հատուկ CO2-ինկուբատորի մեջ տվյալ կնոջ ամուսնու սերմնաբջիջների հետ: 24 ժամ անց ստուգվում է բեղմնավորման առկայությունը: Եթե բեղմնավորումը կայացել է, սպասում են ևս 24 ժամ և ստուգում են, թե արդյո՞ք բեղմնավորված ձվաբջիջները սկսել են տրոհվել, այսինքն զարգանալ: Եթե այո, ապա այդ սաղմերից ընտրվում են լավագույնները, ոչ ավել, քան երեքը, և տեղադրվում կնոջ արգադի խոռոչում: Ահա թե ինչու արտամարմնային բեղմնավորման ժամանակ բազմապտուղ հղիությունների հավանականությունն ավելի մեծ է: Դրանից հետո սպասում են ևս 14 օր և պարզում, թե արդյոք արձանագրվել է հղիություն: Սա արտամարմնային բեղմնավորման ավանդական եղանակն է:

2006 թվականից մեր կենտրոնում գործում է արտամարմնային բեղմնավորման ICSI տարբերակը: Դա կատարվում է այն ժամանակ, եթե անպտղությունը պայմանավորված է տղամարդկային կամ իմունոլոգիական գործոնով: Նախկինում, եթե տղամարդու սերմնահեղուկի որակական և քանակական հատկությունները թույլ չէին տալիս կնոջը հղիանալ, դիմում էին դոնորական սերմնահեղուկի օգտագործմանը: Եվ երեխան լինում էր այդ կնոջ և դոնորի, (որին նրանք չէին ճանաչում), երեխան: Սակայն մեր հայկական ոչ բոլոր ընտանիքներում է դա ընդունելի: Ներկայումս, եթե տղամարդու սերմի որակական և քանակական փոփո­խություն­ները թույլ չեն տալիս կնոջը հղիանալ բնական, կամ թեկուզ ներարգանդային բեղմնավորման ճանապարհով, դիմում են ICSI մեթոդին: Այս տարբերակի ժա­մանակ օգտագործվում է տղամարդու սերմնահեղուկում առկա թեկուզ և 1 սերմնաբջիջը: Իսկ եթե դրանում չկա թեկուզ 1 սերմնաբջիջ, ապա կատարվում է ամորձու կամ մակամորձու բիոպսիա (կենսազննում) կամ ասպիրացիա: Եվ եթե բիոպտա­տի կամ ասպիրատի պարունակության մեջ կա թեկուզ 1 սերմնաբջիջ, ապա այդ սերմնաբջիջը ուղղակիորեն մտցվում է կնոջ ձվաբջջի մեջ: Այս դեպքում զույգն ունենում է իր կենսաբանական երեխան: Ահա այս եղանակով նույնպես այսօր կատարվում է արտա­մարմնային բեղմնավորում:

Եթե կինը այս կամ այն պատճառով զրկված է երեխա ունենալու կարողությունից` ունի արգանդի բացակայություն (արգանդի զարգացման բնածին արատ, կամ արգանդը հեռացված է վիրահատական միջամտության հե­տևանքով), և եթե կինը գտնվում է վերարտադրողական տարիքում և նրա ձվարանները գործում են, ապա այս դեպքում կնոջ և իր ամուսնուց ստացված սաղմը տեղակայվում է փոխնակ ("սուրոգատ") մոր արգանդում: Եվ այդ կինը 9 ամիս կրում է այդ երեխային, որն իր համար օտար է, և ծննդաբերելուց հետո հանձնում է կենսաբանական ծնողներին:

Եթե արտամարմնային բեղմանա­վորման համար գերխթանման արդյունքում ստացվել են 3-ից ավել, օրինակ` 10-15 սաղմ, և ինչպես նշվեց, կնոջ արգանդի խոռոչ է տեղադրվում ոչ ավելի, քան 3-ը (զույգի համաձայնությամբ), ապա կրկին զույգի համաձայնությամբ մնացած սաղմերը կարող են սառեցվել: Եթե կինն այդ ցիկլում այս կամ այն պատճառով չի կարողացել հղիանալ, հաջորդ ցիկլում բնական դաշտանային ցիկլի համապատասխան օրը սաղմը կարող է տեղադրվել արգանդախոռոչ: Կամ, եթե զույգն այս եղանակով արդեն ունեցել է երեխա, ապա 1-1.5 տարի անց երկրորդ երեխան ունենալու ցանկության դեպքում կարող են չկրկնել արտամարմնային բեղմնավորման ողջ գործընթացը, և համապատասխան նախապատրաստումից հետո սառեցված սաղմը կտեղադրվի կնոջ արգանդախոռոչ: Սա ունի իր դրական կողմերը և' առողջության, և' ֆինանսական տեսանյունից:

Եվս մեկ մեթոդ: Եթե արտամարմնային բեղմնավորման արդյունքում արգանդի խոռոչում սկսել են զարգանալ մի քանի սաղմեր (բազմապտղություն), ապա զույգի համաձայնությամբ հեռացվում է սաղմերից մեկը, որպեսզի մյուս, մնացած սաղմերի զարգացումն ընթանա հարթ, և հնարավոր լինի խուսափել հետագա բարդություններից:

- Արդյո՞ք Հայաստանում հաղթահարվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալու պատնեշը:

- Վաղուց է հաղթահարվել: Կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ, 1-2 տարի ամուսնացած զույգը դիմում է միանգամից արտամարմնային բեղմնավորման համար: Պետք է նշել, որ արտամարմնային բեղմնավորում միան­գամից չի կատարվում: Այստեղ նույնպես, ինչպես բժշկության մեջ ցանկացած դեպքում, հաշվի են առնվում ցուցումներն ու հակացուցումները: Նախ` զույգը պետք է հետազոտվի, այնուհետև` իրականացվի համապատասխան բուժում (դեղորայքային բուժում, հնարավոր է, որ դիմեն նաև վիրահատական` լապարոսկոպիկ մեթոդին, որն ունի և' բուժական և' ախտո­րոշիչ նշանակություն): Անարդյունավետության դեպքում հնարավոր է կրկին իրականցնել դեղորայքային բուժում: Եթե կրկին հղիություն չի արձանագրվում, ապա այդ ժամանակ միայն մտածում են արտամարմնային բեղմնավորման մասին: Սակայն կան դեպքեր, երբ միանգամից իրականացվում է արտամարմնային բեղմնավորումը: Օրինակ` եթե կինը 2 անգամ ունեցել է արտաարգանդային հղիություն և դրա հետևանքով հեռացվել են նրա 2 արգանդափողերը, նա կարող է երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք ամուսնական զույգերին:

- Նախ` առողջ լինել, ճշտությամբ հետևել բժշկի խորհուրդներին, առողջության պահպանման հարցում լինել հետեւողական:

Հարցազրույցը` Արաքս Գևորգյանի

arogcharan.com

Գովազդ