«Քիչ առաջ խոսեցի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ հասկանալու՝ ինչպես կարող ենք լուծել դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրից և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մոտ 3 ամսից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն երեխաների համար անվտանգ նյութերից։ «Դրանք ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում կլինեն շատ ավելի փափուկ, և նույնիսկ եթե երեխաները կուլ տան դրանք, ապա վտանգավոր չեն լինի նրանց համար»,-նշել է նախարար՝ հավելելով, որ ՊԵԿ նախագահի հետ պայմանավորվել են նաև աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտությամբ չպոկվեն։
ԱՆ նախարարը միաժամանակ կոչ է անում ծնողներին լինել առավել ուշադիր, որպեսզի երեխաներին հասանելի չլինեն ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները։ «Հավաստիացնում եմ, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։