Panorama.am-ն այսօր անդրադարձել էր աղիքային ինֆեկցիայով երեխաների հիվանդացության դեպքերին: Մասնավորապես, ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնել՝ երեխաների շրջանում տարածված բարձր ջերմության, փորլուծության վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ երեխաների աղիքային վարակի պատճառը ջուրն է:
«Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգանտերով երեխաների դիմելիության ակտիվություն: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ»,- նշել են առողջապահության նախարարությունից:
Հրապարակումից հետո Panorama.am-ի խմբագրություն զանգահարեց երկու երեխաների մայր Զարուհին՝ նշելով, որ իր երեխաները մանկապարտեզ չեն գնում, սակայն նույն ախտանշաններն ունեն:
«Առողջապահության նախարարությունը գրել է ընդամենը 18 դեպքի մասին, սակայն իմ ունեցած տվյալներով՝ միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակով շուրջ 200 մարդ է բուժում ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր երեխաներն արդեն 10 օր է լուծ են:
Զարուհին ապրում է Կենտրոն համայնքում, Տիգրան ՄԵծ պողոտայում: 10 օր առաջ նրանց թաղամասի ջրամատակարարումը դադարեցվել է, իսկ երբ ջրամատակարարումը վերականգնվել է, 2,3 տարեկան երեխայի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխումներ, լուծ: Նույն ախտանիշները երկու օր հետո նկատվել են 8 տարեկան աղջկա, հետո արդեն՝ իր ու ամուսնու մոտ:
«Դիմեցի պոլիկլինիկա, տեղամասի բժշկուհին ասաց, որ վերջին օրերին տարածքի բնակիչներն այդ հարցով հաճախ են իրենց դիմում»,- ասաց նա:
Զարուհին կարծում է, որ աղիքային վարակի պատճառը ջուրն է. «Իմ երեխան ալերգիկ է, սնվում է միայն տանը, թարմ պատրաստված սնունդով, երկրորդ անգամ երեխայի կերակուրը չեմ տաքացնում: Մենք էլ դրսում ոչինչ չենք կերել, որևէ տեղ չեն գնացել, ուրիշ տեղ ջուր չեն խմել, միայն խմում ենք մեր տան ծորակի ջուրը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: