Սիրելի փոքրիկ, այսօր եռակի տոն է:
Այսօր ամբողջ հայությունը տոնում է Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Արցախի պաշտպանական բանակի կազմավորման օրը:
Ուղիղ 73 տարի առաջ՝ 1945 թվականի մայիսի 9-ին, ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը:
Ֆաշիստական Գերմանիայից մեր հայրենիքը պաշտպանելու համար 600 հազար քաջարի հայորդիներ զինվորագրվեցին: Նրանց մի խումբը մարտնչեց ու հասավ մինչև Բեռլին, որտեղ քոչարի պարեց՝ ազդարարելով հաղթանակը թշնամու նկատմամբ:
26 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 9-ին, արիասիրտ հայորդիներն ազատագրեցին Շուշին՝ հայկական գեղեցիկ լեռնային բերդաքաղաքը: Քաղաքը զավթած ադրբեջանցիները Շուշիի բարձունքներից շարունակ կրակում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի վրա: Առանց Շուշիի ազատագրման հնարավոր չէր լինի հայերիս հաղթանակն Արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրման գործողությունը հայերը կոչել են «Հարսանիք լեռներում»:
1994 թվականի մայիսի 9-ին Ադրբեջանն իր իսկ խնդրանքով ստորագրեց զինադադարի մասին համաձայնագիր: Հայերի դեմ պատերազմ սանձազերծած ադրբեջանցիները հասկացել էին, որ չեն կարող հաղթել հայերին, ավելին, եթե պատերազմը շարունակվի, գուցե իրենց մայրաքաղաք Բաքվից էլ զրկվեն, ուստի և խնդրեցին վերջ դնել պատերազմին:
1992-ի մայիսի 9-ը նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է: Մեր քաջ զինվորներն օր ու գիշեր սահմանն են հսկում, որպեսզի դու, սիրելի՛ փոքրիկ, խաղաղ քնես, խաղաս, մանկապարտեզ գնաս եւ պարզապես անհոգ ու երջանիկ լինես:
Շնորհավոր տոնդ, սիրելի փոքրիկ: Խաղաղ և անկորուստ տարիներ մեր հայրենիքին: