Ամանորի տոներին ընդառաջ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը, նախաձեռնում է նվիրատվական ակցիաներ, որոնք կօգնեն հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն:
«1 օր` 1 նվեր» ակցիան, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ից, նպատակ ունի գումար հանգանակել՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ մատուցելու համար: 1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:
Նվիրատվությունները կատարվում են www.donate.am կայքի միջոցով:
Ամեն օր «Վորլդ Վիժնի» ֆեյսբուքյան էջում տեղադրվում է մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
Սրան կից, դեկտեմբերի 13-ից Երևանի առևտրի կենտրոններից մեկի հետ համատեղ «Վորլդ Վիժնը» սկսում է «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը: Մոլերից մեկում տեղադրվելու է հսկայական փազլ, որը կհավաքեն մոլի այցելուները՝ գնելով փազլի մասնիկները և տեղադրելով դրանցից յուրաքանչյուրն իրենց տեղում: Ակցիայի միջոցով հանգանակված դրամական միջոցները թույլ կտան տաք հագուստով ապահովել ավելի քան 70 երեխայի:
Տոնական գնումներին զուգահեռ «Վորլդ Վիժնը» հրավիրում է նաև մասնակցել այս ակցիային և տաք հագուստի հետ մեկտեղ ջերմ ու բարի մաղթանքներ ուղարկել կարիքի մեջ ապրող մանուկներին: