ԱՆ խորհուրդը. փոքրիկներին հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից

Լուրեր

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արևն է: 

 

Չափավոր քանակով այն դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Արտահայտվում է իմուն համակարգի գործունեության, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացների խթանմամբ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման` 7, ամռան ամիսներին հասնում է մինչև 12) վտանգավոր է և կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես և հեռավոր ախտահարումներ: Մասնավորապես` 

• արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),

• արևահարություն,

• ֆոտոկոնյուկտիվիտ կոպերի ցավոտություն, կարմրություն,

•աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,

• ֆոտոալերգիա,

• մաշկի չարորակ նորագոյացություն` մելանոմա: 

Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում: 

Անհրաժեշտ է հիշել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հատկապես բարձր է 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի, խորհուրդ է տվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ առանձնակի զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները: Ցանկալի է, որ նրանք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը:

Աղբյուրը`Առողջապահության նախարարություն

Գովազդ