Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այլեւ չի վճարվի կանխիկ եղանակով: Կառավարության այսօրվա նիստում որոշվել է միանվագ բոլոր գումարները վճարվել անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկային փոխանցումով:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել.
- Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով,
- Ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամ:
- Գործող կարգի համաձայն՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: 50 հազար դրամը, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը մինչ այս կանխիկ էր վճարվում, մյուս մասը՝ փոխանցումով: Փոխանցված գումարը համարվում է դրամագլուխ, ինչի համար հաշիվ է բացվում:
Ըստ նոր նախագծի՝ այլեւս կանխիկ վճարումներ չեն լինելու, քաղաքացին էլ կարողանալու է ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհրաժեշտությունը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ փորձում են կանխիկացնել այդ գումարները, դրա համար մենք տալիս ենք այդ հնարավորությունը: Ի դեպ, այս տարվանից չաշխատող հղիներին տրամադրվող մայրության նպաստները նույնպես կվճարվեն անկանխիկ»,-կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: