34-ամյա կինն իր նորածին երեխային 300 դոլարով վաճառել է գինեկոլոգի՞ն

Լուրեր

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել մի կին, ով հայտարարել է, որ 2005թ-ին հղիացել է ու դեռ չծնված երեխային վաճառել 300 ԱՄՆ դոլարով, իսկ գործարքը կյանքի է կոչվել երեխայի ծնվելուց հետո:

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել մի կին, ով հայտարարել է, որ 2005թ-ին հղիացել է ու դեռ չծնված երեխային վաճառել 300 ԱՄՆ դոլարով, իսկ գործարքը կյանքի է կոչվել երեխայի ծնվելուց հետո: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով, ներկա պահին ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ չի հարուցվել:

Գնալով կատարվածի հետքերով NEWS.am-ը պարզեց, որ երեխայի գնման մեջ մեղադրվում է Մասիսի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգներից Մհեր Ենգիբարյանը, ով նաեւ «Էլեն» բարեգործական հիմնադրամի ղեկավարն է: Իսկ երեխային 300 դոլարով վաճառած մայրը Երեւանի բնակչուհի է, ով այդ ժամանակ 34 տարեկան է եղել: Մեր տեղեկություններով, երեխային Վիկտորիա են անվանել:

NEWS.am-ը զրուցեց Մասիսի ծննդատան տնօրեն Անատոլի Գրիգորյանի հետ, ով հաստատեց, որ իրենք Մհեր Ենգիբարյան անունով գինեկոլոգ ունեն, ով երկար տարիներ է, ինչ աշխատում է իրենց մոտ, սակայն մինչ օրս նրա հասցեին նման մեղադրանք չի լսել:

Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Մհեր Ենգիբարյանի հետ, ում մեղադրում են 300 դոլարով երեխա գնելու մեջ: Նա հավաստիացրեց, որ ցանկանում են իր դեմ շինծու գործ սարքել եւ ինքը կարող է առաջիկայում դա հիմնավորող փաստեր բերել: «Այդ կինը սկզբում երեխային ժամանակավոր պահելու նպատակով հանձնել է մանկատուն եւ չի եկել տանելու, որից հետո նոր երեխան հանձնվել է որդեգրման»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ է երեխան որդեգրման հանձնվել կամ Հայաստանո՞ւմ է որդեգրվել, թե՞ արտերկրում, գինեկոլոգը պատասխանեց, որ դա գաղտնիք է, ուստի ինքը չի կարող այդ հարցին պատասխանել: «Ավելին` նա մեզ մոտ չի ծննդաբերել: Ես նրա հետ ծանոթ չեմ եղել, չեմ էլ հիշում: Պարզապես երեխային մանկատուն հանձնելու նրա դիմումին եմ ծանոթացել աղմուկից հետո»,- ավելացրեց Մհեր Ենգիբարյանը եւ ավելացրեց, որ ինքն այն հիմնադրամի տնօրենն է եղել, որ հովանավորել եւ պահել է այդ մանկատունը: Հիմնադրամը հիմա էլ գործում է, սակայն մանկատունը 2007թ-ին փակել է:

Վերջինիս նաեւ հարցաքննության են կանչել եւ ասել, որ եթե ինչ-որ բաներ պարզվեն, էլի կհրավիրեն:

Հարցին, թե ո՞վ է ուզում իր գլխին նման գործ սարքել, բժիշկը պատմեց, որ նմանատիպ մի գործ էլ 2007թ-ին է հարուցվել իր դեմ: Այն կինը, ով իր դեմ կեղծ ցուցմունք է տվել, իրեն 7 հազար դոլար է պարտք եղել, սակայան անցյալ տարի գործը դատարանով շահել է Մհեր Ենգիբարյանը եւ գումարները հետ է վերցրել: «Կեղտ էին ուզում սարքել ինձ վրա, որ գումարը հետ չտային: Ինձ թվում է, որ այս մեղադրանքը ծագել է հենց նրանից, որ ցանկանում են վրեժխնդիր լինեն»,- կարծիք հայտնեց գինեկոլոգը:

Դիտարկմանը, թե ինչպես է գինեկոլոգի աշխատավարձով բարեգործական հիմնադրամ ստեղծել, մանկատուն պահել եւ արդյոք մանկատուն ստեղծելու նպատակը երեխաների առք ու վաճառքով զբաղվելը չի եղել, Ենգիբարյանն արձագանքեց. «Ես այդ մանկատունը բացել եմ այն ժամանակ, երբ արտասահմանում ընդհանրապես որդեգրումներ չկային: Ես դա բացել եմ իմ մահացած աղջկա անունով: 2003թ-ից հետո են թույլատրել դրսի որդեգրումները եւ հարցերը ծագել են այդ տարիներին: Իսկ որդեգրման հարցերով ես չեմ զբաղվել, դրանով կառավարությունն ու դատարանն են զբաղվում, եթե դրսի հետ է կապված: Ես մանկատան պահողն ու ֆինանսավորողն եմ եղել: Ինչպես նաեւ դրսից ընկերներն են օգնել: Ես բիզնեսներ ունեմ Հայաստանում եւ Ուկրաինայում, որտեղ 15 տարի ապրել եւ սովորել եմ: Տղաս Լոնդոնում խոշոր հիմնարկի տնօրեն է»:

Իսկ իրեն երեխա գնելու մեջ մեղադրող կնոջ մասին էլ ասաց. «Մարդ այդ քայլին կարող է գնալ 2 դեպքում. կամ իրեն այնպես են ստիպել, որ ճար չունի: Ես չգիտեմ ինչ են դեմ տվել, որ այս միջոցով ցանկացել է ավելի վատ բանից պրծնել, կամ էլ հոգեկանը պետք է խանգարված լինի»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Գովազդ