Մանկական շատախոսություն․ հեքիաթ

հեքիաթ

Մի հարուստ վաճառական մանկական երեկո կազմակերպեց և հրավիրեց հարուստ ու անվանի ծնողների երեխաներին:

Այս վաճառականի գործերը լավ էին գնում: Նա կրթված մարդ էր, իր ժամանակին նույնիսկ գիմնազիա էր ավարտել․ այդպես էր ցանկացել նրա հարգարժան հայրը, որը երիտասարդ ժամանակ եղել էր հասարակ առևտրական, բայց ազնիվ ու աշխատասեր մարդ: Հայրը կարողացել էր մի փոքրիկ դրամագլուխ ստեղծել իր համար, իսկ որդին բազմապատկել էր այն: Վաճառականը խելացի և բարեսիրտ մարդ էր, բայց մարդիկ այնքան այդ հատկությունների մասին չէին խոսում, որքան նրա հարստության:

Այսպես ուրեմն, այս մարդու տանը մեծ բազմություն էր հավաքվել, միայն թե՝ բացառապես երեխաների բազմություն: Երեխաներն անդադրում շատախոսում էին, իսկ նրանք, ինչպես հայտնի է, ինչ մտածում են, այն էլ ասում են: Երեխաների մեջ կար մի փոքրիկ աղջիկ, որը շատ գեղեցիկ էր, բայց շատ էլ գոռոզ: Գոռոզությունը նրա մեջ ոչ թե մտցրել, այլ զարգացրել էին և այն էլ ոչ թե ծնողները, այլ՝ ծառաները: Այս երեխայի հայրը պալատական յունկեր էր, ու աղջիկը գիտեր, որ դա «անասելի կարևոր» կոչում է:     

- Ես պալատական յունկերի աղջիկ եմ,- ասում էր նա:

Նա ճիշտ այդպես էլ կարող էր ծնված լինել որպես խանութպանի աղջիկ․ այս կամ այն ընտանիքում ծնվելը մեր կամքից չի կախված: Եվ ահա նա մյուս երեխաներին շարունակ այն էր ասում, որ ինքն «ազնվատոհմ» է, թե իր մեջ «իսկական արյուն» է հոսում, իսկ ով ազնվատոհմ չէ, նրանից ոչինչ դուրս չի գա: Կարդա, չարչարվիր, սովորիր որքան ուզում ես, բայց եթե քո երակներում իսկական արյուն չի հոսում, եթե դու ազնվատոհմ չես, ոչ մի բանի չես հասնի:

- Իսկ ում ազգանունը վերջանում է «սեն»-ով,- ավելացնում էր նա,- նրանցից երբեք մի խելքը գլխին բան դուրս չի գա: Մենք՝ ազնվատոհմներս, պետք է ձեռքներս կանթենք մեր կողքերին և հեռու մնանք այդ բոլոր «սեն»-երից: 

Եվ նա իր չքնաղ ձեռքերը կանթում էր կողքերին ու սուր արմունկները ցցում, որպեսզի ցույց տա, թե ինչպես պետք է պահել իրեն: Բայց վաճառականի աղջիկը նեղացավ, որովհետև նրա հոր ազգանունը Մասսեն էր: Եվ ահա նա հպարտ-հպարտ գլուխը ետ գցեց ու ասաց․

- Իսկ իմ հայրը կարող է ամբողջ հարյուր ռիգսդալերի սառնաշաքար գնել ու հետո էլ դեն գցել: Քո հայրը կարո՞ղ է:

- Իսկ իմ հայրիկը,- ասաց մի գրողի աղջիկ,- քո հայրիկի մասին էլ, մյուսի հայրիկի մասին էլ կարող է լրագրերում գրել: Մայրիկս ասում էր, որ բոլորը նրանից վախենում են, չէ՞ որ նա է լրագրի տերը:

Այդ ժամանակ պատի հետևը մի աղքատ տղա կանգնած՝ դռան միջոցով նայում էր երեխաներին: Այդ տղան սիրտ չէր անում սենյակ մտնել և այդպիսի աղքատ տղան ինչպե՞ս կարող էր խցկվել հարուստ ու անվանի երեխաների մոտ: Այսօր նա խոհարարուհու պատվերով խոհանոցում գործ էր կատարում, ու հիմա նրան թույլ էին տվել դռան ճեղքից նայել զուգված, զվարթ երեխաներին: Այդքանն էլ նրա համար մեծ երջանկություն էր: 

«Ա՜յ թե ես լինեի սրանց տեղը»,- մտածում էր նա ու հանկարծ լսեց աղջիկների շատախոսությունը, իսկ այդպիսի խոսքեր լսելով կարելի էր հուսահատության մեջ ընկնել: Նրա ծնողները խնայած ոչ մի գրոշ չունեին և նույնիսկ լրագիր դուրս գրելու փող չունեին, իսկ լրագրում գրելը նրանց մտքովն էլ չէր կարող անցնել: Բայց ամենից վատն այն էր, որ նրա հոր, ուրեմն և հենց իր ազգանունը վերջանում էր «սեն»-ով: «Ուրեմն ինձնից, մտածում էր նա,- երբեք մի խելքը գլխին մարդ դուրս չի գա»:

Այս դեպքից անցան շատ տարիներ: Նույն այդ քաղաքում կանգնած էր  գանձերով լի մի հոյակապ տուն: Բոլորը ցանկանում էին տեսնել տունը, նույնիսկ ուրիշ քաղաքներից մարդիկ էին գալիս դրա համար: Սակայն այն երեխաներից, որոնց մասին մենք խոսում էին, ո՞րը կարող էր այդ տունն իրենը համարել: Տունը պատկանում էր այն աղքատ տղային: Հենց նա էր, որ կարգին մարդ էր դարձել, թեև ազգանունը վերջանում էր «սեն»-ով՝ Տրովալդսեն:

Իսկ մյուս երեխանե՞րը, որոնք հպարտանում էին: Նրանք բոլորն էլ նախադրյալներ ունեցող երեխաներ էին, բայց այն երեկո, ավաղ, նրանց մտքերն ու խոսքերը պարզապես մանկական շատախոսություն էին:

 

 

Հանս Քրիստիան Անդերսեն