- Մայրի՛կ, մայրի՛կ, ես չեմ կարողանում քնել։
- Մի՛ անհանգստացիր, ի՛մ փոքրիկ, շուտով կքնես։
Կոկոն ամուր փակեց աչքերը։ Իր շուրջը բոլորը քնած են։ Նա չարչարվում է, ամեն կերպ փորձում է, բայց մեկ է, չի կարողանում քնել։
- Մայրի՛կ, մայրի՛կ, ես իսկապես ուզում եմ քնել,- ձայն տվեց Կոկոն։
- Դե ի՞նչ ասեմ, հաշվիր գառնուկներին,- խորհուրդ տվեց մայրը։
Կոկոն իր անկողնում պառկած մտածեց՝ այս ի՞նչ է ասում մայրիկը։
- Բայց մայրի՛կ, ես ինքս գառնուկ եմ։
- Ճիշտ ես, ի՛մ թանկագին։ Հիմա մի ուրիշ գաղափար կգտնենք։ Իսկ ի՞նչ կասես, եթե խատուտիկներ հաշվես։
- Օ, ո՜չ, դա բացում է իմ ախորժակը։
- Թաքնվիր բարձիդ տակ։
- Ոչ, ոչ, ես վախենում եմ, շատ մութ կլինի։
- Իսկ ինչու՞ չարտասանել այբուբենը։
- Ա, Բ, Գ․․․ ուֆ, սա շատ դժվար է։
- Դե ուրեմն մի երգ երգիր, օրինակ՝ «Հողմաղաց քնիր»։
- Լավ գաղափար է։
Կոկոն ծիծաղում է ավելի ու ավելի բարձր։ Վերջնականորեն երգի մեջ հողմաղացը պտտվում է ավելի ու ավելի արագ։
- Հիմա ես ավելի առույգ եմ,- բողոքում է նա։
- Դու իսկապե՞ս չես ուզում հաշվել գառնուկներին։
- Ոչ, ես ծիծաղում եմ, երբ տեսնում եմ ընկերներիս թռչկոտելիս։ Ինձ մոտ ծափահարելու ցանկություն է առաջանում։ Ահա, հիմա Մաքսի հերթն է, ահա նա փռվում է ցեխի մեջ, իսկ նրանից անմիջապես հետո Լուսիլն է, որը չարաճճիություն է անում, հիմա Գարին է ուզում ցատկել ցանկապատի վրայով, չի կարողանում և գլխով հարվածում է ցանկապատին․․․
- Այո, դու ճիշտ ես, պետք չէ հաշվել գառնուկներին։ Տեսնելով քո ընկերների չարաճճիությունները՝ դու երբեք չես քնի։ Իսկ եթե փորձեիր բառախա՞ղը, դա կօգնի քեզ երևի։ Ես ականջիդ հիմա մի բառ կասեմ, դու ինձ կասես մեկ ուրիշը, որը կսկսվի իմ բառի վերջին տառով։
- Շատ լավ առաջարկ է, կարծում եմ՝ դա կօգնի ինձ քնել։
Նրանք սկսեցին խաղալ, և չորրորդ բառից հետո արդեն լսվում էր գառնուկի հանգիստ խռմփոցը։
Աղբյուր՝ «Բարի հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածու