Արքայադուստրը սիսեռահատիկի վրա․ հեքիաթ

հեքիաթ

Կար-չկար մի թագավորի տղա։ Նա ուզում էր ամուսնանալ արքայադստեր հետ, միայն թե աղջիկն իսկական արքայադուստր լիներ։

Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածը գտնի, բայց իզուր։ Արքայադստրեր շատ կային, բայց իսկակա՞ն արքայադուստր էին նրանք, թե՞ ոչ, ոչ մի կերպ պարզել չէր կարողանում. բոլորն էլ ինչ-որ մի պակասություն էին ունենում։ Եվ ահա, նա տուն վերադարձավ շատ վշտացած. չէ՞ որ ուզում էր իսկական արքայադուստր գտնել։

Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ։ Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը, անձրևն այնպես էր թափվում, ինչպես դույլով ջուր թափես։ Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին, և ծերունի թագավորը գնաց բանալու։
Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր։ Բայց ինչի՞ էր նման նա։ Ջուրը հոսում էր մազերից ու հագուստից, լցվում մաշիկների մեջ և դուրս հոսում կրունկներից, սակայն նա պդում էր, թե ինքն արքայադուստր է։ «Դա մենք ինքներս կստուգենք»,- մտածեց ծեր թագուհին, բայց ոչինչ չասաց, մտավ ննջարան։ Այստեղ նա մահճակալից հավաքեց բոլոր վերմակներն ու սավանները, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց տասներկու ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ տասներկու հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրով։ Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին, և նա ամբողջ գիշերն այդտեղ պառկած մնաց։ Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց։

- Օ՜հ, սոսկալի վատ,- ասաց արքայադուստրը,- ամբողջ գիշեր համարյա աչքս չեմ փակել։ Չգիտեմ, թե ի՛նչ էր ընկել իմ անկողնու տակ, ես պառկած էի ինչ֊որ մի կոշտ բանի վրա, և հիմա մարմինս կապտուկներով է ծածկվել։

Ահա այդտեղ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է. չէ՞ որ նա տասներկու ներքնակի ու տասներկու փետուրե բարձի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը։ Այդքան քնքուշ և զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը։
Արքայազնը ամուսնացավ նրա հետ, վերջապես չէր կասկածում, որ իսկական արքայադուստր է գտել։ Իսկ սիսեռահատիկը տարան ու դրին թանգարանում և, եթե որևէ մեկը չի վերցրել, մինչև հիմա էլ դրված է այնտեղ։

 

 

Հանս Քրիստիան Անդերսեն