Կաթսայով շիլան․ հեքիաթ

հեքիաթ

Լինում է, չի լինում, փոքրիկ աղջնակ է լինում: Արևոտ մի օր աղջիկը գնում է անտառ հատապտուղներ հավաքելու  և հանդիպում է այնտեղ ծեր կնոջ:

- Բարև, աղջիկս,- ասում է նրան տարեց կինը,- խնդրում եմ, տուր ինձ քո  հատապտուղներից:

- Իհարկե, վերցրեք,- պատասխանում է նա:

Տարեց կինը հաճույքով ուտում է հատապտուղներն, ապա ասում.

- Դու ինձ հատապտուղներ տվեցիր, ես էլ քեզ ինչ-որ բան կտամ դրա դիմաց։ Ահա այս կաթսան: Մնում է տանես այն տուն ու արտասանես՝

«Մեկ, երկու, երեք,

Կաթսա ջան, քեզ տեսնեմ, եփի՛ր»:

Հենց հնչեցնես, կսկսի համեղ, քաղցր շիլա պատրաստել։ Դրանից հետո էլ կարտասանես սա՝

«Մեկ, երկու, երեք,

Այլևս չեփես»:

Ու այն կդադարի շիլա պատրաստել:

- Շնորհակալ եմ, տատիկ,- ասում է աղջիկը, վերցնում կաթսան և գնում տուն՝ մոր մոտ:

Մայրը տեսնում է ու հիանում։ Ինչպե՞ս չուրախանար։ Առանց հավելյալ ջանք գործադրելու կարող էր այսուհետ ունենալ պատրաստի ախորժելի շիլա։ Եվ ահա մի օր աղջիկը տնից դուրս է գալիս, իսկ մայրը կաթսան դնում է իր առաջ ու ասում.

«Մեկ, երկու, երեք,

Կաթսա ջան, քեզ տեսնեմ, եփի՛ր»:

Կաթսան սկսում է եփել ճաշը։ Պատրաստում է շիլան, մայրիկն ուտում է և   կշտանում։ Բայց այդ ընթացքում կաթսան շարունակում էր եփել ու եփել։ Մայրը մոռացել էր ասել անհրաժեշտ խոսքերը։ Նա չէր էլ հիշում՝ ինչ է պետք արտասանել, իսկ աղջիկը տանը չէր։ Եվ կաթսան եփում էր ու եփում: Այնքան է եփում, որ ողջ սենյակը լցվում է շիլայով: Սենյակից անցնում է միջանցք, պատուհանից  թափվում դուրս, պատում ամբողջ փողոցը: Իսկ կաթսան դեռ եփում էր ու եփում:

Մայրը, տեսնելով ամենը, շատ է վախենում: Վազում է դուրս, որ աղջկան գտնի, բայց չի կարողանում անցնել ճանապարհը: Տաք շիլան գետի պես հոսում էր դիմացով: Լավ է, որ աղջիկը մոտ էր տանը: Նա տեսնում է, թե ինչ է կատարվում փողոցում և իսկույն վազում է տուն։ Հազիվ բարձրանում է մուտքի աստիճանների վրա, բացում դուռն ու բղավում.

«Մեկ, երկու, երեք,

Այլևս չեփես»:

Եվ կաթսան դադարում է շիլա պատրաստել: Միգուցե դադարում է, բայց մինչ այդ այնքան է եփած լինում, որ գյուղից քաղաք գնալու համար յուրաքանչյուրը պետք է անպայման մի բաժին շիլա ուտեր։ Բայց հետաքրքիրն այն էր, որ ոչ ոք չէր բողոքում։ Շիլան իրոք շա՜տ համեղ էր ու քաղցր։