Շարժվող գլխարկը․ հեքիաթ

հեքիաթ

Գլխարկը դրված էր զարդասեղանի վրա, իսկ կատու Վասկան հենց զարդասեղանի կողքին էր։ Վովկան և Վադիկը նստած էին սեղանի մոտ ու իրենց համար նկարում էին։ Հանկարծ ինչ-որ բան ընկավ նրանց հետևում։

Նրանք շրջվեցին և զարդասեղանի ներքևում գլխարկ տեսան։ Վովկան գնաց գլխարկի մոտ, որպեսզի բարձացնի, բայց հանկարծ գոռաց․

- Այ- այ- այ,- գոռաց նա և հետ վազեց։

- Ի՞նչ եղավ,- հարցրեց Վադիկը։

- Այն կենդանի է։

- Ի՞նչն է կենդանի,- զարմացած հարցրեց Վադիկը։

- Գը- գը- գլխարկը։

- Գլխարկները կենդանի՞ են լինում։

- Ինքդ նայիր։

Վադիկը մոտեցավ գլխարկին ու տեսավ, թե ինչպես է գլխարկը սողում դեպի իր կողմը։

- Ա՜յ,- ճչաց նա և թռավ բազմոցի վրա, Վովկան էլ նրա հետևից։

Գլխարկը սողաց դեպի սենյակի մեջտեղը, հետո գնաց բազմոցի մոտ։ Երեխաները վախից դողում էին։ Նրանք վազեցին սենյակից և մտան խոհանոց՝ իրենց հետևից փակելով դուռը։

- Ես գ- գ- գ- նում եմ,- մի կերպ ասաց Վովկան։

- Ո՞ւր։

- Իմ տուն։

- Ինչո՞ւ։

- Գլխարկից եմ վախենում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ գլխարկը սենյակով քայլի։

- Միգուցե ինչ-որ մեկը նրան թելով շարժո՞ւմ է։

- Չգիտեմ, գնա նայիր։

- Արի միասին գնանք։ Ես կվերցնեմ հոկեյի փայտիկը, և եթե նա մեզ մոտենա, կհարվածեմ։

- Իսկ ես կվերցնեմ դահուկի փայտիկը։

Նրանք վերցրին փայտիկները և մի փոքր բացեցին դուռը։

- Ո՞ւր է նա,- հարցրեց Վադիկը։

- Սեղանի մոտ։

- Եթե նա մեզ մոտենա, միանգամից կհարվածեմ։

Բայց գլխարկը անշարժ պառկած էր սեղանի տակ։

- Հիմա ես նրան կվախեցնեմ,- գոռաց Վադիկը, սկսեց գետնին հարվածել փայտիկով և գոռալ,-հե՜յ, դու՛, գլխարկ։

Բայց գլխարկը չէր շարժվում։

- Արի կարոֆիլ հավաքենք և նետենք գլխարկի վրա,- առաջարկեց Վովկան։

Նրանք խոհանոցից բերեցին կարտոֆիլներն ու սկսեցին նետել գլխարկի վրա։ Վադիկը նշան բռնեց և կպավ գլխարկին։ Հենց այդ պահին գլխարկն օդ թռավ և ձայն լսվեց։

- Մյաու՜,- կարծես գոռաց գլխարկը և նրա տակից երևացին թաթեր ու պոչ։

- Վասկա՜,- ուրախացան երեխաները։

- Երևի նա նստած է եղել, իսկ գլխարկը նրա վրա է ընկել զարդասեղանի վրայից։

Վադիկը մոտեցավ ու գրկեց կատվին, իսկ կատուն շարունակում էր մլավել նրա գրկում։

 

Թարգմանեց Էմմա Մխիթարյանը