Մուկն ու մատիտը․ հեքիաթ

հեքիաթ

Կար-չկար, մի մատիտ կար, որն ապրում էր Վովայի սեղանին։ Մի օր, երբ Վովան քնած էր, մուկը բարձրացավ սեղանի վրա, տեսավ մատիտը, և փորձեց տանել այն իր բունը։

- Թո՛ղ ինձ, խնդրում եմ,- ասաց մատիտը,- ինչո՞ւ եմ քեզ հարկավոր, ա՜խր ես փայտից եմ և ինձ չես կարող ուտել։

- Ես քեզ կրծելու եմ։ Վերջերս ատամներս շատ են քոր գալիս և պետք է անընդհատ կրծեմ ինչ-որ բան, որպեսզի չանհանգստացնեն ինձ,- պատասխանեց մուկը և իսկույն կծեց։

- Օ՜հ, այդ դեպքում թող ինձ մի բան նկարել վերջին անգամ։

- Լավ,- ասաց մուկը,- նկարիր, բայց հետո ինձնից չես փախչի։

Եվ մատիտը, ծանր շունչ քաշելով, շրջան նկարեց։

- Սա պանի՞ ր է։

- Կարող է նաև պանիր լինել,- պատասխանեց մատիտն ու երեք փոքր շրջանակ նկարեց մեծ շրջանի ներսում։

- Իհարկե պանիր է,- պնդեց մուկը։

Մատիտն էլի մեծ շրջան նկարեց դրա ներքևում։

- Սա խնձոր է։

- Կարող է լինել,- պատասխանեց մատիտը և երկու երկարավուն պատկեր նկարեց մեծ շրջանների տակ։

- Ես գիտեմ՝ սրանք նրբերշիկներ են,- ասաց մուկը և բացականչեց,- դե հերիք է, վերջացո՛ւ, ատամներս քոր են գալիս։

- Քիչ մնաց,- ավելացրեց մատիտն ու անկյուններ նկարեց։

- Մի՛ շարունակիր,- գոռաց մուկը և զգուշորեն ասաց,- սա նման է կատվի։

Բայց մատիտն արդեն նկարել էր կատվին։

- Սա իսկական կատու՜ է,- հանկարծ վախեցավ մուկն ու իսկույն փախավ։

Այդ օրվանից մուկն այդտեղ չէր գալիս, իսկ մատիտը հանգիստ  ապրում էր Վովայի սեղանի վրա։

Փորձի՛ր քո մատիտով էլ այնպիսի կատու նկարել, որ մկները վախենան։

 

 

Թարգմանեց Էմմա Մխիթարյանը