Ֆիլիպը․ հեքիաթ տղայի մասին, որն անհամբերությամբ սպասում էր դպրոց գնալուն

հեքիաթ

Կար մի տղա, որի անունը Ֆիլիպ էր։ Մի օր երեխաները դպրոց էին գնում, Ֆիլիպը՝ նունպես։

Նա վերցրեց իր գլխարկը և պատրաստվում էր գնալ, երբ մայրը նրան հարցրեց․

- Ո՞ւր ես գնում։

- Դպրոց։

- Բայց դու դեռ փոքր ես, չես կարող գնալ,- ասաց մայրը և նրան տանը պահեց։

Հայրը դեռ վաղ առավոտյան էր գնացել անտառ, իսկ մայրը պատրաստվեց ու դուրս եկավ աշխատանքի։ Տանը մնացին Ֆիլիպը և տատիկը։ Ֆիլիպը ձանձրանում էր, քանի որ տատիկը քնել էր։ Նա սկսեց փնտրել իր գլխարկը։ Իրենը չգտավ։ Վերցրեց հոր հին գլխարկն ու ճանապարհ ընկավ դեպի  դպրոց։ Դպրոցն անտառի հետևում գտնվող եկեղեցու մոտ էր։ Երբ Ֆիլիպը գնում էր իրեն ծանոթ ճանապարհներով, շները նրան չէին դիպչում, քանի որ ճանաչում էին։ Բայց երբ նա հասավ իրեն անծանոթ բակ, նրան շրջապատեցին Ժուչոկն ու Գայլուկը և սկսեցին հաչալ տղայի վրա։ Ֆիլիպը որքան ուժ ուներ, վազեց, իսկ շները՝ նրա հետևից։ Այդ պահին էլ սայթաքեց և ընկավ։ Լավ է դեռ, որ մի տղամարդ դուրս եկավ ու քշեց շներին, ապա հարցրեց տղային․

- Ո՞ւր ես մենակ շտապում, փոքրի՛կ։

Ֆիլիպը կանգ առավ, սակայն ոչինչ չասաց և շարունակեց վազել դպրոց կողմը։ Հասնելով դպրոց՝ տեսավ, որ շքամուտքում ոչ ոք չկար, բայց ներսից լսվում էին երեխաների ձայները։ Ֆիլիպը վախեցավ, որ ուսուցիչը նրան դուրս կհանի։ Նա չգիտեր՝ ինչ անել, հետ գնալ չէր կարող, շներից էր վախենում, իսկ եթե դպրոց գնար, ուսուցիչը նրան դուրս կհաներ։ Դպրոցի կողքով դույլը ձեռքին մի տատիկ էր անցնում։

- Բոլորը դասի են, ինչո՞ւ ես դու այստեղ,- տեսնելով Ֆիլիպին՝ հարցրեց տատիկը։

Ֆիլիպը լուռ գնաց դպրոց, որը լցված էր երեխաներով։ Բոլորը գոռում էին, իսկ ուսուցիչը քայլում էր միջանցքի մեջտեղով։

- Դու ո՞վ ես,- ասաց նա Ֆիլիպին։

Ֆիլիպը լուռ գլխարկը բռնած կանգնել էր և ոչինչ չէր ասում։

- Այո-այո, հենց դու՛, ո՞վ ես։

Ֆիլիպը լուռ էր։

- Հա՞մր ես։

Ֆիլիպն այնքան էր վախեցել, որ չէր կարողանում խոսել։

- Եթե չես խոսելու, ուրեմն տուն գնա։

Ֆիլիպն ուզում էր խոսել, բայց վախից կոկորդը չորացել էր։ Նա նայեց ուսուցչին և հուզվեց։ Ուսուցիչը խղճաց նրան ու շոյեց գլուխը, ապա երեխաներին հարցրեց, թե ով է նա։

- Նա Կոստյուշկինի եղբայրն է։ Վաղուց է՝ ուզում է դպրոց գալ, մայրը չէր թողնում։ Հիմա էլ թաքուն է եկել։

- Արի՛, նստիր եղբորդ կողքին, իսկ ես կխնդրեմ մորդ, որ թողնի քեզ դպրոց հաճախել։

Ուսուցիչը Ֆիլիպին տառերը ցույց տվեց, սակայն նա արդեն գիտեր տառերը, անգամ մի փոքր կարդում էր։

- Կարո՞ղ ես անունդ վանկատել։

Ֆիլիպն ասաց․

- Խվե-ի-խվի, լե-ի-լի, պեոկ-պոկ։

Բոլորը սկսեցին ծիծաղել։

- Ապրե՛ս,- ասաց ուսուցիչը,- ո՞վ է քեզ սովորեցրել կարդալ։

Ֆիլիպն իր մեջ ուժ գտավ և ասաց․

- Կոստյուշկինը։ Ես շատ խելացի և տաղանդավոր եմ, հեշտ եմ սովորում։

Ուսուցիչը ծիծաղեց ու ասաց․

- Հերիք է գլուխ գովես, ավելի լավ է՝ սկսիր ավելի շատ սովորել։

Այդ օրվանից Ֆիլիպը երեխաների հետ դպրոց էր հաճախում։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Մխիթարյանի