Կար-չկար մի բադիկ։ Նրա անունը Տիմ էր։ Տիմը շատ պրպտողն էր և նրան ամեն ինչ հետաքրքրում էր։ Մի օր այս բադիկը հանրահայտ դարձավ։ Եկեք պատմենք, թե ինչպես տեղի ունեցավ դա․․․
Լսո՞ւմ եք։
- Կրյակ - կրյակ։
Գիտե՞ք՝ ով է այսպես կանչում։ Հայտնի բադիկ Տիմն է։ Դուք երբևէ լսե՞լ եք նրա մասին։ Երևի լսած կլինեք։ Ո՞վ չի իմանա Տիմին։ Նրա արկածների մասին կարելի է նույնիսկ գիրք գրել։ Նա ունի երեք քույր և երեք եղբայր։ Նրանք բոլորը սովորական բադիկներ են, իսկ Տիմը յուրահատուկ է։ Իսկապես Տիմին նայելիս կարելի է ասել, որ նա բակի գլխավորն է։
Մի անգամ Տիմը դուրս եկավ դարպասներից, նայեց աջ և ձախ, հետո վազեց դեպի դաշտ։
- Հե՜յ, Տիմ,- անհանգստացավ մայր բադիկը,- ինձանից մի՛ հեռացիր։
- Ոչինչ չկա, մայրիկ, շուտով կվերադառնամ- գոռաց Տիմն ու շարունակեց ճանապարհը։
Մի քանի քայլ կատարելուց հետո կանգ առավ, քանի որ խոտերի մեջ տարօրինակ իր նկատեց։ Հին խողովակ էր։
- Սա իսկական թունել է,- ուրախացավ Տիմը,- իսկ ես շոգեքարշը կլինեմ։
Տիմը մտավ խողովակի մեջ և ամբողջովին կեղտոտվեց։ Որքան խորանում էր, ավելի ու ավելի էր կեղտոտվում։ Երբ դուրս եկավ խողովակից, ամբողջովին սև էր, անգամ կտուցը։ Մայր բադիկը չգիտեր, որ Տիմը մտել է խողովակի մեջ ու կեղտոտվել, այդ պատճառով էլ երբ պտտվեց ու տեսավ նրան, գոռաց․
- Ուշադրությու՜ն,- ասաց ու վազեց իր բադիկների մոտ,- վազե՛ք, փախե՛ք արագ, մեզ ինչ-որ տարօրինակ էակ է հետապնդում։
Մայր բադիկը երեխաների հետ վազեց ողջ դաշտով մեկ, իսկ Տիմն էլ նրանց հետևից էր վազում և գոռում էր, որ ինքն է՝ Տիմը։ Վերջապես հասան լճակին։
- Նա հավանաբար լողալ չգիտի,- գոռաց մայր բադիկը,- թռե՛ք ջրի մեջ։
Տիմն էլ թռավ ջուրը և մաքրվեց, նախկինի պես դեղին դարձավ։
- Մենք փրկվա՜ծ ենք,- ասաց մայր բադիկը,- Տիմը նու՞յնպես այստեղ է։
- Այո-այո, այստեղ եմ։ Այդ ես քշեցի հրեշին։
- Հիանալի է,- միասին գոռացին բոլոր բադիկները,- ի՜նչ խիզախ և խելացի ես։
- Այդքան մի՛ գովեք նրան,- ասաց մայր բադիկը,- իսկ հիմա գլուխն ուղիղ, պոչը բարձր, եկեք բոլորդ իմ հետևից։
Եվ գնացին բադիկները մոր հետևից, Տիմն էլ նրանց հետևից էր հպարտ գնում։
Հաջորդ առավոտ Տիմը լճի ափին տաքանում էր արևի տակ, երբ տեսավ մի մարդու, որ գնում էր զամբյուղը ձեռքին։ Նրան հետաքրքրեց, թե ուր է գնում այդ մարդը։ Վերջինս մոտեցավ լճակին, զամբյուղից հանեց մի պարկ ու նետեց ջուրը։ Երբ մարդը գնաց, Տիմը միանգամից թռավ ջուրը և հանեց պարկը։ Այն թելով փակված էր։
- Մյաու՜,- լսվեց պարկի միջից։
- Վա՜յ,- վախեցավ Տիմն ու մի կողմ քաշվեց։
- Մյաու-մյաու,- նորից լսվեց պարկից։
- Այնտեղ մեկը կա,- ասաց Տիմը և քաշեց թելից։
Պարկը բացվեց ու դուրս եկավ մի նիհար, սև, դողացող կատու։
- Մյաու,- ասաց կատուն,- դու ինձ փրկեցիր, շնորհակալությու՜ն, բադիկ։ Ո՞վ ես դու։
- Հայտնի Տիմն եմ,- պատասխանեց Տիմը,- դու՞ ով ես։
- Ես Սևուկն եմ։ Իմ տերն ասում է, որ շատ եմ ուտում և միայն կաթը ինձ չի հերիքում, ուստի որոշեց ինձ ջուրը նետել, բայց դու փրկեցիր ինձ։ Ո՞ւր եմ հիմա ես գնալու։
- Արի ինձ հետ մեր բակ։ Այնտեղ շատ սնունդ կա, սակայն մինչև գալը թափ տուր քեզ, որովհետև այսպես նման ես թաց հավի։
Կատուն թափ տվեց իրեն և ասաց․
- Պատրաստ եմ։
Տիմը նրան հպարտորեն ուղեկցեց բակ։ Այնտեղ նրանց դիմավորեցին կով Ռոզան, այծ Բուլը և բադ Տիլլին։ Տիմը նրանց պատմեց կատվի տխուր պատմությունը։
- Ի՜նչ չար տեր է,- ասաց Բուլը։
- Խեղճ Սևուկ,- ավելացրեց բադիկը,- ոչինչ, արդեն մեզ մոտ կապրես։
- Իսկ եթե փորձեն քեզ նեղացնել, ինձ հետ գործ կունենան,- փետուրները թափ տալով՝ ասաց Տիմը։
- Մի՛ վախեցիր, Սևուկ, ոչ ոք քեզ չի նեղացնի,- գոռացին բոլորը։
Միայն սպիտակ կատու Ձյունիկը ոչինչ չասաց։ Նա գնաց իր ամանի մոտ և սկսեց կաթ խմել։ Սևուկը ևս մոտ գնաց ու սկսեց մլավել։ Նա շատ քաղցած էր, քանի որ առավոտից ոչինչ չէր կերել։ Ձյունիկն անգամ չնայեց Սևուկին և շարունակեց ավելի արագ խմել կաթը։ Տիմը վախեցավ, որ Ձյունիկը կխմի ամբողջ կաթն ու գոռաց․
- Հեյ, Ձյունի՛կ, Սևուկին էլ կթողնես։
Բայց Ձյունիկը շարունակում էր խմել այնպես, կարծես թե չէր լսում։
- Ես անչափ քաղցած եմ,- ասաց Սևուկը։
Իսկ Ձյունիկը շարունակում ու շարունակում էր խմելը։
- Ես քեզ կպատժեմ քո ագահության համար,- ասաց Տիմը և վազեց բակի անկյուն։
Մութ անկյունում մեծ սարդոստայնի մեջ կար մի սարդ։ Տիմը գիտեր, որ Ձյունիկը շատ է վախենում սարդերից։ Ուստի վերցրեց սարդին ու վազեց դեպի Ձյունիկը։
- Օգնեցե՜ք, սարդ է,- գոռաց Ձյունիկը և փախավ։
Վազեց խոհանոց և մտածեց, թե ուր պետք է թաքնվի։ Նա մտավ խոհանոցի պահարանի մեջ, որտեղ նրա վրա լցվեց ալյուրը։ Ձյունիկը վախից կծկվեց անկյունում ու սկսեց դողալ, իսկ Տիմը բակում ծիծաղում էր նրա վրա։
- Ապրես,- ասաց Սևուկը,- դու իսկական ընկեր ես։ Սկզբից դու փրկեցիր ինձ մահից, իսկ հիմա՝ սովից։
- Չարժե,- պատասխանեց Տիմը։
Այդ ընթացքում մայր բադիկը վազվզում էր բակում և Տիմին փնտրում։ Միայն Ձյունիկը կարող էր ասել՝ որտեղ է Տիմը, բայց նա նստած էր խոհանոցի անկյունում և վախից դողում էր։
- Ես այնքան եմ անհանգստանում,- ասաց մայր բադիկը,- դարպասի հետևում աղվես եմ տեսել, վախենում եմ Տիմին չգողանա, ախր նա միշտ մենակ է զբոսնում։
Խոհանոցի մոտ Տիմը հանդիպեց նապաստակ Լոպպիին և հավ Պեննիին։
- Զգույշ կլինես,- ասացին նրանք,- դարպասի հետևում աղվես կա։ Նա կարող է քեզ ուտել։
Տիմը վախեցավ։
- Մայրի՛ կ,- գոռաց նա,- ո՞ւր ես, քեզ մոտ եմ ուզում գալ։
Մայր բադիկը բակի մյուս ծայրում էր և ոչինչ չէր լսում։
- Ի՞նչ անեմ,- մտածեց Տիմը,- ո՞ւր գնամ։
Խոհանոցի դիմաց նա տեսավ զամբյուղ։ Այդ զամբյուղով խոհարարը միշտ գնում էր շուկա։
- Ի՜նչ լավ է,- ուրախացավ Տիմը,- այստեղ աղվեսն ինձ չի գտնի։ Դե հիմա թող փնտրի։
Եվ Տիմը հանգիստ նստեց զամբյուղում, ուր նաև երշիկ կար դրված։ Բայց աղվեսը եկավ և տեսավ զամբյուղը։
- Նուֆ-նուֆ-նուֆ, բադի հոտ է գալիս,- մտածեց աղվեսը,- տանեմ այս զամբյուղը իմ ձագուկ աղվեսներին։ Նրանք շատ կուրախանան։ Այսօր ընթրիքին բադով ապուր կլինի։
Աղվեսը դուրս եկավ անկյունից, զգուշորեն նայեց, որպեսզի խոհարարն այդտեղ չլինի։
- Այդ խոհարարն ինձ անցյալ անգամ դուրս շպրտեց։ Միայն թե չնկատի,- այս ասելով՝ աղվեսը վերցրեց զամբյուղը, տեսավ՝ ոչ ոք չկա ու հանգիստ գնաց։
Աղվեսը կարծում էր, որ իրեն ոչ ոք չի տեսել, սակայն շատ էր սխալվում։ Սևուկը լուռ հետևում էր նրան և լսում, թե ինչպես է Տիմը օգնություն խնդրում։
- Ես կփրկեմ քեզ, Տիմ։
Կատուն վազեց մայր բադիկի մոտ․
- Արագ-արագ,- ասաց նա,- աղվեսը տարավ Տիմին։
- Օ՜, ո՛չ,- սկսեց լացել մայրը,- խեղճ տղաս։ Ի՞նչ անեմ, որտե՞ղ է աղվեսը։
- Դաշտում են, բայց մենք նրան չենք հասնի, նա շատ արագ է վազում։
-Ես հիմա թռչելով կհասնեմ նրանց,- հպարտությամբ ասաց մայր բադիկը և բացեց թևերը։
Բադիկի թևերը ձյան պես սպիտակ էին։ Աղվեսը գրեթե տուն էր հասնում, բավականին հոգնած էր, չէ՞ որ զամբյուղում երշիկն ու բադիկն էին։
- Մի փոքր էլ դիմանա, շուտով տուն կհասնեմ և երեխաներիս կասեմ, որ ինձ օգնեն,- ասաց աղվեսը։
Հենց այդ պահին մայր բադիկը հավասարվեց նրանց ու բռնեց զամբյուղի բռնակից։
- Տո՛ւր, դա իմն է,- բացականչեց աղվեսը։
- Այնտեղ իմ տղան է,- ասաց բադը և լսեց, թե ինչպես է Տիմը լաց լինում զամբյուղում,- չվախենաս տղաս, շուտով մենք կվերադառնանք։
Նրանք իսկապես հաջողությամբ հասան բակ, և բոլորը նրանց ուրախ դիմավորեցին։ Ամենաուրախը Սևուկն էր։ Նա էլ հենց կերավ զամբյուղի երշիկը։
- Շնորհակալություն, Տիմ,- ասաց Սևուկը,- դու երկրորդ անգամ փրկում ես ինձ սովից։
- Չարժե,- պատասխանեց Տիմը։
Երեք օր Տիմը մայրիկից հեռու չէր գնում։ Նա վախենում էր նորից հանդիպել աղվեսին։ Չորրորդ օրը, երբ Տիմը խաղում էր Սևուկի հետ, տեսավ, թե ինչպես է մայր բադիկն արտասվում։
- Ի՞նչ է պատահել մայրիկ, ո՞վ է քեզ նեղացնում։
- Աղվեսը,- պատասխանեց մայր բադիկը,- այն օրվանից, ինչ ես նրանից վերցրի զամբյուղը, նա ինձ է հետևում։
- Մենք քեզ կօգնենք,- ասաց Տիմը։
- Բայց ինչպե՞ս,- հարցրեց Սևուկը։
- Սպասենք և շուտով աղվեսը կհայտնվի։
Այդ ժամանակ աղվեսը պատի տակից վազեց և մտավ շան տնակը։
- Սևուկ, ես մտածեցի ինչպես նրան պատժել։ Վազեցինք այծ Բուլի մոտ։
Նրանք վազեցին դաշտ, որտեղ Բուլը խոտ էր ուտում։
- Բու՛լ, օգնի՛ր մեզ։ Աղվեսը մտել է Տոպի տնակն ու հետևում է մայրիկիս։
- Լավ, կօգնեմ ձեզ,- պատասխանեց այծը։
Նրանք երեքով վազեցին բակ։
- Բայց ի՞նչ ենք մենք նրան անելու,- հարցրեց այծը։
Տիմն ինչ-որ բան շշնջաց նրան։ Բուլը վազեց ու այնպես հարվածեց տնակին, որ այն գլխիվայր շրջվեց։ Աղվեսը փորձում էր դուրս գալ, բայց չէր կարողանում, միայն նրա պոչն էր մնացել դրսում։
- Բռնվեցի՛ր,- գոռաց Տիմը,- ահա թե ինչ է լինում նրանց հետ, որոնք նեղացնում են մայրիկիս։
- Նայի՛ր, մենք բռնել ենք աղվեսին։
- Շատ ապրես, բաց խնդրում եմ սրանից հետո լսիր ինձ և հեռու մի գնա։
- Լավ, մայրիկ, կփորձեմ,- պատասխանեց Տիմը։
Շուտով բակում բոլորը գովում էին նրան:
Տիմը հայտնի դարձավ ամբողջ բակում։ Բոլորը նրան գովում էին։ Կոչում էին միայն՝ մեր հայտնի բադիկը, մեր հայտնի Տիմը։ Իսկ Սևուկն առաջվա պես ընկերություն էր անում նրա հետ։ Եվ եթե որևէ տեղում տեսնում էին Տիմին, ուրեմն պարզ էր, որ հիմա կհայտնվի նաև Սևուկը։
Թարգմանեց Էմմա Մխիթարյանը