Լեռներից այն կողմ կար մի անտառ։ Անտառի թավուտում ապրում էր մի ծեր արջ, որն ուներ երկու տղա։
Երբ նրա տղաները մեծացան, որոշեցին ճամփորդել, որոնել և գտնել երջանկության աղբյուրը։ Սկզբում նրանք գնացին մոր մոտ, որպեսզի հրաժեշտ տան։ Մայրը գրկեց նրանց և պատգամ տվեց․
- Երբեք չբաժանվեք իրարից։
Արջուկները խոստացան հետևել մոր խոսքին և ճանապարհ ընկան։ Քայլում էին ու քայլում։ Մի քանի օր քայլելուց հետո նրանց սնունդը վերջացավ։ Նրանք չափազանց քաղցած էին, ու փոքրը բողոքեց․
- Եղբա՛յր, շատ քաղցած եմ, այնքա՜ն եմ ուզում ուտել։
- Ես էլ,- պատասխանեց մեծը։
Նրանք շարունակեցին ճանապարհը և հանկարծ գտան պանրի մեծ կտոր։ Ցանկանում էին կիսել, սակայն չկարողացան։ Նրանց պատել էր ագահությունը․ յուրաքանչյուրը վախենում էր, որ մյուսին ավելի մեծ կտոր կհասնի։ Կռվում էին նրանք, բղավում, երբ մոտեցավ աղվեսը․
- Ինչո՞ւ եք վիճում,- հարցրեց նա։
Արջուկները պատմեցին նրան իրենց խնդրի մասին։
- Ուրեմն դա՞ է խնդիրը,- ասաց աղվեսը,- ես այն հավասար կկիսեմ ձեզ համար։
- Ի՜նչ լավ է, լուծվեց մեր խնդիրը,- ուրախացան արջուկները։
Աղվեսը վերցրեց պանիրը ու այնպես կիսեց երկու մասի, որ պարզ երևում էր՝ մի կտորը մյուսից մեծ է։ Արջուկները գոռացին․
- Այս մեկը մեծ է։
Աղվեսը հանգստացրեց նրանց․
- Դա նույնպես խնդիր չէ։
Սա ասելով` վերցրեց մեծ կտորը և կծեց։ Այս անգամ մեծ դարձավ մյուսը։
- Բայց հիմա էլ հավասար չեն,- անհանգստացան արջուկները։
- Լավ, ես գիտեմ՝ ինչ կանեմ,- պնդեց աղվեսը։
Եվ նա կծեց մեծը։
- Նորից անհավասար են,- ասացին արջուկները։
- Ինչպես կամենաք,- դժվարությամբ արտաբերեց աղվեսը, քանի որ բերանը լցված էր պանրով,- քիչ մնաց, որ հավասարվեն։
Աղվեսը շարունակում էր ուտել, իսկ արջուկները լուռ սպասում էին՝ երբ է մեծը հավասարվելու փոքրին։ Երբ աղվեսը կշտացավ, խեղճ արջուկներին չափազանց փոքր կտորներ էին մնացել։
- Ահա,- ասաց աղվեսը,- չնայած փոքր են, այնուամենայնիվ հավասար են։ Բարի ախորժակ սիրելի արջուկներ,- ասաց աղվեսն ու պոչը պտտեցնելով փախավ։
Հենց այսպես է լինում նրանց հետ, որոնք ագահ են գտնվում։
Թարգմանեց Էմմա Մխիթարյանը