Թռչող գորգը․ հեքիաթ

հեքիաթ

Լինում են, չեն լինում՝ մի կին ու երեք որդի։ Օրերից մի օր, երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։ Նկարում պատկերված էին  ամրոց լեռան գագաթին և շուրջն արածող կենդանիներ։

Նա այնքա՜ն է հավանում բնապատկերը, որ որոշում է իր ամբողջ գումարը ծախսել, միայն թե դա ձեռք բերի։ Վերադառնալով տուն՝ առանձնահատուկ տեղ է գտնում նկարի համար, ու կախում այն։ Կրտսեր որդին խորհուրդ է տալիս մորը նկարի նման գորգ գործել, ինչն ընդունում է մայրը մեծ ոգևորությամբ։ Սկսում է աշխատել առավոտից մինչև կեսգիշեր, շարունակ գործել և միաժամանակ հոգ տանել ընտանիքի մասին։ Սա տևում է 3 տարի։ Ավարտելուց հետո մայրիկը կախում է գորգը։ Գործված խալու տեսարանի կեսը հորիված էր, իսկ մյուս կեսը՝ իրականությանը մոտ։ Բոլորին ապշեցրել էին նրա ունակությունները։

Բայց հանկարծ մի օր ուժեղ քամի է փչում՝ տանելով իր հետ խալին։ Այդ օրվանից մայրը լուրջ հիվանդանում է։ Նա հրաժարվում է դեղեր ընդունելուց և պատուհանից անթարթ նայում է երկնքին։ Պետք էր ճար անել ու բուժել մորը։ Մեծ տղան որոշում է թողնել տունը, շրջել աշխարհով մեկ և անպայման գտնել գորգը։ Արի ու տես, նա գնում է և այլևս չի վերադառնում։ Երկրորդ տղան նույնպես որոշում է մեկնել  որոնումների, սակայն առաջինի  պես անհետանում է։ Հետաքրքիր է՝ ի՞նչն էր պատճառը։ Երրորդ տղան, տեսնելով մոր թույլ վիճակը, իր ճանապարհորդությունը ևս սկսում է։

Նա գնում, գնում է, հասնում է հովտի ու կանգ առնում։ Այդտեղ հանդիպում է ծեր կնոջ և քարե ձիու։ Բարի կինը ասում է․

- Գիտեմ, թե ինչու ես եկել։ Սարի գագաթին ապրող փերիներն են վերցրել մայրիկիդ գործած գորգը։ Սարի գագաթին հասնելու համար պետք է անցնես դժվար ճանապարհ՝ սառցե ծովով և բազմաթիվ հրաբուխներով։

Խոսքը վերջացնելուց հետո տղային տալիս է պայուսակով ոսկի և ավելացնում․

- Ես բոլորին տալիս եմ ոսկի։ Քո եղբայրները ևս ստացել են և հավանաբար մոռացել հիվանդ մոր մասին, որ իրենց էր սպասում։ Եթե ցանկանում ես անցնել ճանապարհը, քեզ պետք կգա ձին։ Ատամներիցդ մեկը նրան տուր, ու նա կկենդանանա։

Տղան վարվում է ծեր կնոջ ասածներով, և ձին իսկույն շարժվում է։ Ձին տանում է նրան հրաբուխների,  ծովի միջով ու հասցնում տեղ։ Տղան նայում է առաջ և տեսնում ապակե պալատ։ Պալատում գորգը դրված էր փերիների առաջ, որոնք փորձում էին գործել իրենց սեփականը։ Հեռվում կանգնած կարմիր զգեստով փերին հիանում է տղայի կամքի ուժով և խիզախությամբ․ տղան ոսկու գայթակղությամբ չէր տարվել, այլ եկել էր գորգի հետևից։ Փերին մոտենում է և միանգամից ասում․

- Թող այս գիշեր էլ մնա գորգը, որպեսզի ավարտենք մեր գործը, վաղը կտանք քեզ։

Նա թաքուն ավելացնում է իր դիմապատկերը գորգի վրա, իսկ տղան այդ ժամանակ զգում է՝ աչքերը փակվում են։ Առավոտյան արթնանում է ու տեսնում, որ արդեն թռչող գորգի վրա է։ Գորգը մեկ ակնթարթում տուն է բերում տղային։ Ա՜յ քեզ ուրախություն։ Կրտսեր որդին վերադարձել էր՝ բերելով իր հետ սիրելի գորգը։ Մայրը նայում է գորգին ու մնում անխոս։ Աչքի առաջ գորգի պատկերը վերածվում է իրականության․ շուրջը երազանքների ամրոցն է կանգնում, ապա ծաղիկներով ու մրգերով լի այգիները, լճերը տարածվում, հեռվում էլ նշմարվում գետի ափին կանգնած աղջիկ։ Աղջիկն այն կարմիր զգեստով փերին էր, ում հանդիպել էր տղան սարի գագաթին։

Այս ամենից հետո մայրը բուժվում է, իսկ կրտսեր որդին ամուսնանում կարմիր զգեստով փերու հետ։ Նրանց ընտանիքը երկար ու երջանիկ ապրում է իրենց երազանքների ամրոցում։

 

 

 

Թարգմանեց  Էմմա Մխիթարյանը