Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: Այդպես աքաղաղը դուրս է գալիս զբոսնելու և նկատում, որ բոլորը ծիծաղում են իր վրա, նույնիսկ՝ ճուտիկները։
- Ինչո՞ւ են նրանք ծիծաղում,- զարմացած հարցնում է աքաղաղը շանը։
- Դու ամբողջությամբ անգույն ես,- պատասխանում է շունը,- հապա քեզ նայիր։
Աքաղաղն արագ վազում է լճակի մոտ և ջրի մեջ նայում։ Իսկապես, շունը ճիշտ էր ասում։ Շա՜տ է տխրում աքաղաղը։
- Մի՛ տխրիր, գնա ներկերի մոտ, նրանք քեզ կօգնեն,- ասում է շունը:
- Ո՞ւր, ներկերի մո՞տ,- հարցնում է աքաղաղը,- որտե՞ղ եմ ես նրանց գտնելու։
- Ես քեզ կսովորեցնեմ: Գնում ես ուղիղ, միայն ուղիղ, ոչ մի կողմ չես թեքվելու։ Կանցնես անտառներ, սարեր, գետեր և լճեր, կհայտնվես հեքիաթում ու կգտնես ներկերին։
Եվ գնում է աքաղաղը՝ ներկերին փնտրելու: Քայլում է ուղիղ և ուղիղ, քայլում է մութ անտառներով։ Ու թեև վախենում է, ցույց չի տալիս։ Ճանապարհին նրան տեսնում են աղվեսի ձագերը և գոռում․
- Մայրի՛կ, մայրի՛կ, աքաղաղ է։
- Որտե՞ղ։
- Ահա այստեղ։
Մայր աղվեսը նայում է աքաղաղին ու ասում․
- Ոչ, այս աքաղաղը մեզ պետք չէ։
- Ինչպե՞ս թե, ինչո՞ւ պիտանի չէ։
- Նա ներկված չէ, նշանակում է՝ իրական աքաղաղ չէ։
Մինչ աղվեսները քննարկում էին դա, աքաղաղը շարունակում է առաջ գնալ։ Նա հանդիպում է սպիտակ նապաստակին և հարցնում` արդյո՞ք գիտի հեքիաթում ապրող ներկերի տեղը։ Նապաստակը պատասխանում է․
- Հեքիաթն ամենուր է, իսկ ներկերը շատ մոտ են։ Ես նրանց մոտից եմ վերադառնում, գնացել էի գունավորվելու։
- Գունավորվելու՞, ախր դու ամբողջովին սպիտակ ես։
- Մենք՝ նապաստակներս, ամռանը մոխրագույն ենք, իսկ ձմռանը՝ սպիտակ, որպեսզի գայլերը մեզ ձյան մեջ չգտնեն։
Սա ասելուց հետո նապաստակը ցույց է տալիս աքաղաղին ներկերի տունը։ Հասնելով գույնզգույն տանը՝ աքաղաղը թափահարում է թևերը և բացականչում․
- Կու-կա-րի-կու։
- Ո՞վ է,- լսվում է դռան հետևից։
- Ես եմ, աքաղաղը։
Տնից դուրս են գալիս ներկերը և ասում․
- Ողջու՜յն, սիրելի՛ աքաղաղ, ինչո՞ւ ես եկել։
Աքաղաղը խոնարհվում է նրանց առջև և ասում․
- Խնդրում եմ, օգնեք ինձ։
- Իհարկե, ներս արի։
- Ես կօգնեմ քեզ,- ասում է կարմիր ներկն ու գունավորում աքաղաղի կատարը։ Կապույտը ներկում է աքաղաղի փետուրները, կանաչը՝ թևերը, դեղինը՝ մարմնի մնացած հատվածը։ Աքաղաղը նայում է հայելու մեջ և չի ճանաչում իրեն։ Այնքա՜ն էր գեղեցկացել։ Նա շնորհակալություն է հայտնում բարի ներկերին ու շտապում տուն։ Ճանապարհին ողջ անտառով մեկ երգում է․
- Կու-կա-րի-կու։
Նրան կրկին նկատում են աղվեսի ձագերը և ասում մորը․
- Մայրի՛կ, մայրի՛կ, աքաղաղը գալիս է։
- Մի՛ գոչեք։ Ես ձեզ ասացի, որ նա պիտանի չէ։
- Բայց նա իրական է։
Մայր աղվեսը տեսնում է աքաղաղին և արդեն ուզում էր բռնել, բայց արդեն ուշ էր։ Աքաղաղը փախել էր։ Նա հաջողությամբ վերադառնում է իր տուն։ Երբ շունը տեսնում է նրան, ասում է․
- Հիմա դու իրական աքաղաղ ես։
Այդ օրից սկսած այլևս ոչ ոք չի ծաղրում աքաղաղին։
Թարգմանությունը՝ Էմմա Մխիթարյանի