Փոքրիկ մարդուկները․ հեքիաթ բարության մասին

հեքիաթ

Կար-չկար մի կոշկակար: Նա ընդհանրապես շատ քիչ գումար էր վաստակում: Եվ մի օր էլ այն աստիճանի է աղքատանում, որ մեկ զույգ կոշիկ կարելու համար ունենում է միայն մեկ կտոր կաշի:

Երեկոյան դրանից առանձնացնում է մանր հատվածներ և բարձրաձայն ասում․

- Հիմա կմտնեմ անկողին, իսկ վաղը շուտ կարթնանամ ու կկարեմ:

Այդպես էլ անում է: Պառկում է և իսկույն քնում:

Առավոտյան վաղ վեր է կենում, լվացվում և պատրաստվում աշխատանքի անցնել, երբ հանկարծ զարմանքից քար է կտրում: Նկատում է՝ կոշիկներն արդեն կարված են: Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Նույն պահին շտապում է վերցնել կոշիկները և ուշադիր զննել: Որքա՜ն լավ էին կարված, ոչ մի սխալ գիծ: Անզեն աչքով էլ տեսանելի էր՝ հմուտ վարպետի ձեռքի գործ է: Շուտով կոշիկների համար գտնվում է գնորդ: Գնորդին այնքա՜ն են դուր գալիս կոշիկները, որ նա խոշոր գումար է առաջարկում դրանց դիմաց: Բախտը կարծես ժպտում էր կոշկակարին: Նա վերցնում է գումարը և գնում կաշի, որ կբավականացներ երկու զույգ կոշիկ կարելուն: Երեկոյան դասավորում է ամեն ինչը և կրկին մտածում՝ հիմա կքնի, իսկ առավոտյան կարթնանա և գործի կանցնի: Նախորդ անգամվա պես  արթնանում է, լվացվում, նայում սեղանին ու ինչ տեսնի՝ կոշիկները կարված են: Մի՞թե իրականություն էր: Կոշիկների գնորդները բավականին արագ հայտնվում են և մեծ գումար տալիս կոշկակարին: Այդպիսով նա կարողանում է վերցնել կաշի՝ չորս զույգ կոշիկների համար: Հաջորդ առավոտ չորս զույգ կոշիկները պատրաստ էին առանց նրա գիտության:

Սա շարունակվում է ամեն օր: Այն, ինչ կոշկագործը նախապատրաստում էր երեկոյան, առավոտյան վերջնական պատրաստ էր լինում: Գնորդների թիվն էլ հետզհետե աճում էր: Այսպես ավարտվում է կոշկակարի աղքատ կյանքը:

Մի երեկո էլ նա սովորականի նման անում է իր գործը, բայց քնելուց առաջ կնոջն ասում է.

- Իսկ եթե չքնե՞նք այս գիշեր ու տեսնենք՝ ով է կարում մեր կոշիկները:

Կինն ուրախանում է և պատասխանում.

- Հիանալի գաղափար է, իհարկե չենք քնի:

Կինը սեղանին մոմ  է վառում, այնուհետ միասին թաքնվում են անկյունում՝ զգեստների տակ և սպասում: Ուղիղ կեսգիշերին սենյակ են մտնում փոքրիկ մարդուկները: Նրանք նստում են կոշիկների սեղանի մոտ, վերցնում կաշին և սկսում կարել: Նրանք այնքան ճարտար ու արագ էին ծակում հերյունով, հարվածում մուրճերով, որ կոշկակարը չէր կարողանում հայացքը կտրել նրանցից: Նրանք աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր կոշիկները չեն կարվում: Եվ երբ վերջին զույգը պատրաստ է լինում, փոքրիկ մարդուկները իջնում են սեղանից և անմիջապես անհետանում:

Առավոտյան կինն ամուսնուն ասում է.

- Փոքրիկ մարդուկները հարստացրին մեզ: Մենք նույնպես պետք է ինչ-որ լավ բան անենք նրանց համար: Նրանք մեզ մոտ գալիս են գիշերը, հագուստ չունեն, և, հավանաբար, շատ են մրսում: Ես կարող եմ նրանցից յուրաքանչյուրի համար կարել բաճկոն, վերնաշապիկ և տաբատ: Դու էլ կոշիկներ պատրաստիր նրանց համար:

Ամուսինը լսում է նրան և արձագանքում.

- Հիանալի է: Նրանք անշուշտ կուրախանան:

Մի երեկո նրանք սեղանի վրա իրենց պատրաստած նվերներն են շարում ու թաքնվում անկյունում՝ սպասելով փոքրիկ մարդուկների գալստյանը: Ինչպես միշտ, ուղիղ կեսգիշերին փոքրիկ մարդուկները մտնում են սենյակ: Նրանք ցատկում են սեղանի վրա և ցանկանում աշխատանքի անցնել, երբ անակնկալի են գալիս: Նրանք նայում են, իսկ սեղանի վրա կտրված կաշվի փոխարեն կարմիր վերնաշապիկներ էին, կոստյումներ և կոշիկներ: Սկզբում զարմանում են, իսկ հետո անչափ ուրախանում: Հագնում են իրենց գեղեցիկ, նոր կոստյումներն ու կոշիկները, պար են գալիս և երգում.

Մենք լավ հանդերձանք ունենք,

Ուրեմն մտածելու առիթ չունենք:

Մենք ուրախ ենք հիմա այնպես,

Եվ կոշիկներ չենք կարելու էլ:

Փոքրիկ մարդիկ երկար երգում են, պարում և թռչկոտում աթոռների վրայով: Հետո նրանք անհետանում են և այլևս չեն գալիս կոշիկներ կարելու: Բայց այդ պահից ի վեր երջանկությունն ու հաջողությունը չեն լքում կոշկակարին իր երկար կյանքի ընթացքում: 

 

«Բարիք գործեք, բարիք էլ կստանաք»,  «Վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանաք, որ ձեզ հետ վարվեն»․ այս երկու ասացվածքները լիովին արտահայտում են պատմության գաղափարը: Կոշկակարն ու նրա կինը հասարակ, պարզ և աշխատասեր մարդիկ են, որոնց հարստությունը չի փոխում, չի խանգարում մնալ նույնն ու գնահատել այլոց ջանքերը: Ինքներս ենք տեսնում՝ ինչպես են երջանկանում մարդուկները՝ տեսնելով ամուսինների պատրաստած նվերները: Հեքիաթը ցույց է տալիս՝ հարկավոր է շնորհակալ լինել մարդկանց, որոնք մեր կողքին են եղել դժվարին պահերին, և հավատալ՝ հրաշքներն աշխարհում դեռ գոյություն ունեն, դժվարություններն էլ ժամանակավոր բնույթ են կրում: Կարևոր է մնալ ազնիվ, արդար և ջանասեր: