Ոսկե մետաղադրամը․ ուսուցանող հեքիաթ

հեքիաթ

Կար-չկար մի երիտասարդ, որ մի օր ցանկացավ ամուսնանալ և դիմեց ծնողներին՝ օրհնություն ստանալու համար:

- Հոյակապ է տղաս,- ասաց հայրը,- ես կօրհնեմ քեզ, և դու կկարողանաս ամուսնանալ: Միայն թե պայման ունեմ: Դա կլինի այն դեպքում, երբ ինձ բերես սեփական աշխատանքովդ վաստակած ոսկե մետաղադրամ:

Երիտասարդը ժպտաց՝ մտածելով, որ հեշտությամբ կկատարի հանձնարարությունը: Նա իր մոտ մեկ ոսկե մետաղադրամ ուներ պահած: Հաջորդ օրը վերցրեց այն և բերեց հոր մոտ: Հայրն ընդունեց մետաղադրամը և ուղիղ գետը նետեց:
- Դե ինչ, հայրի՛կ, հիմա դու ինձ օրհնու՞մ ես,- հարցրեց երիտասարդը:
- Ո՛չ, որդիս: Ես քեզ ասացի, որ ինքդ պետք է գումարը վաստակես: Բերածդ փողը դու չէիր վաստակել:

Տղան զարմանքից թոթվեց ուսերը՝ մտածելով, թե ինչպես հայրը գլխի ընկավ: Ի վերջո, ինքն իսկապես չէր աշխատել: Հաջորդ օրը նա մորից ոսկե մետաղադրամ խնդրեց ու նորից տարավ հոր մոտ: Հայրը կրկին ոսկեդրամը գցեց գետը: Երիտասարդն էլ ավելի զարմացավ, բայց, այնուամենայնիվ, հարցրեց.

- Ինչո՞ւ արեցիր դա: Ես քեզ ոսկե մետաղադրամ էի բերել, ինչպես որ խնդրել էիր: Հիմա կօրհնե՞ս ինձ:

Հայրը հրաժարվեց՝ ասելով․

-Դու այդ գումարը չես վաստակել:

Երիտասարդը խորհեց և եկավ այն մտքին, որ այսպես ժամանակ կարող է կորցնել և չստանալ օրհնություն իր հարսանիքի համար: Եվ որոշեց աշխատանք գտնել ու իր ուժերով ստանալ ոսկե մետաղադրամը: Անցան շա՜տ օրեր: Տղան իր իսկ աշխատանքով շահեց ոսկեդրամն ու տարավ հոր մոտ:

Երբ հայրը մտադիր էր այդ մետաղադրամն էլ գցել գետը, երիտասարդը չդիմացավ: Նա շտապեց խանգարել հորը, բռնեց նրա ձեռքը և հուսահատ ասաց.
- Ո՛չ, հայրիկ, մի՛ արա դա: Ես շա՜տ օրեր եմ տանջվել այս մետաղադրամը վաստակելու համար, իսկ դու ցանկանում ես նետել այն ջուրը:
- Որդի՛ս, հիմա ես օրհնում եմ քեզ, կարող ես գնալ ու ընտանիք ստեղծել,- ասաց հայրն այդ պահին,- այժմ դու գիտես այն գումարի արժեքը, որը վաստակում ես սեփական աշխատանքով: Այն հաստատ իմաստուն կերպով կծախսես: Այսպիսով, երիտասարդն ամուսնացավ և երբեք փողերը քամուն չտվեց: