Այն ի՞նչն է, ի՞նչը… մանկական հանելուկներ

Հանելուկներ

Հանելուկները մարզում են փոքրիկի ուղեղը, զարգացնում մտածելու կարողությունն ու հիշողությունը։

***

Բարձրում կախված, 

Ընկնում եմ ցած, 

Մինչև չկոտրես, 

Համը չտեսնես,

Չես հասկանա դու,

Ի՜նչ համեղն եմ ես։

Ընկույզ

 

*** 

Կլոր եմ, 

Գնդակ չեմ,

Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,

Քաղցր եմ, մեղր չեմ։ 

Խնձոր

 

*** 

Թավշյա հագուստ ունեմ,

Կարմիր թուշիկ ունեմ

Ապրում եմ հարավում, 

Քաղցրանուշ համ ունեմ։ 

Դեղձ

 

***

Մենք հատիկով չենք աճում,

Ընտանիքով ենք լինում,

Կարմիր, սպիտակ գույն ունենք,

Անուշ, քաղցր համ ունենք։

Խաղող

 

***

 

Գետնից թաքուն դուրս եկավ,

Գեղեցիկ գլխարկ գտավ։

Սունկ

 

***

Ունի մեկ ոտք,

Չունի կոշիկ,

Ունի գլխարկ,

Չունի գլխիկ։

Սունկ

 

***

Թև ու ոտք նա չունի,

Կենդանի է ջրերի։

Ձուկ

 

***

Թե ընկնի, կոտրվի,

Ոչ մի դարբին չի ձուլի։

Ձու

 

***

Թագավոր չի, թագ ունի,

Երկարաճիտ կոշիկ ունի,

Ժամացույցին չի նայի,

Երկար քնել չի թողնի։

Աքաղաղ