Ցույց տվեք երեխային որևէ նկար, ցանկալի է, որ նկարում պատկերված լինեն մարդիկ, կենդանիներ, իրադարձություններ: Խնդրեք երեխային խոսել նկարի մասին, մանրամասն պատմել, թե ինչ է այնտեղ պատկերված:
Որպեսզի օգնեք, որ մանրամասն պատմի նկարը, կարող եք նաև հուշող հարցեր տալ փոքրիկին: Օրինակ`
- Ի՞նչ է տեղի ունենում նկարում:
- Ովքե՞ր են, ի՞նչ են անում:
- Օրվա ո՞ր ժամն է: Ինչպե՞ս իմացար:
- Ի՞նչ է տեղի ունեցել նկարում պատկերված պահից առաջ:
- Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ հետո:
Այս և նման այլ հարցերը, որոնք կբխեն կոնկրետ նկարներից, կօգնեն երեխային ավելի մանրամասն խոսել, սովորել նկարագրել տեսածը:
Կարող եք օգնել երեխային, որ ավելի շատ ածականներ և մակբայներ օգտագործի նկարում պատկերվածը նկարագրելու համար:
«Կարդա նկարը» խաղի մեկ այլ տարբերակ էլ կարող եք կիրառել: Վերցրեք Ձեր ընտանեկան որևէ հանդիսություն կամ իրադարձություն պատկերող նկար, որին երեխան ականատես կամ մասնակից է եղել: Օրինակ, նկարում կարող է պատկերված լինել փոքրիկի ծննդյան խնջույքը:
Խնդրեք նրան պատմել այն ամենը, ինչ հիշում է, Դուք էլ, բնականաբար, օգնեք հուշող հարցերով.
- Ի՞նչ եղավ:
- Ովքե՞ր էին եկել:
- Ի՞նչ նվերներ էին քեզ բերել:
- Ինչպե՞ս էիր քեզ զգում:
Այս տիպի խաղերը կօգնեն Ձեր փոքրիկին զարգացնել հիշողությունը, ունենալ գեղեցիկ խոսք ու հարուստ բառապաշար, ինչպես նաև տեսածը բառերով արտահայտելու կարողություն: