Ես ռետինն եմ, ռետինը,
Լավ իմացեք իմ գինը․․․
Տանը լինի, դպրոցում,
Ճշտասեր եմ իմ գործում:
Հենց որ տեսնեմ սխալ բան,
Տեղնուտեղը կուլ կտամ:
Ա՛յ, հենց երեկ իմ տերը
Փռել էր իր թղթերը,
Նկարում էր ու գրում՝
Իբր դաս է սովորում:
Մեկ էլ ճչաց․
- Օգնեցե՛ք,
Սխալներից փրկեցե՛ք:
Վրա հասա և իսկույն
Մի այծ կերա կարմրագույն,
Մի քանի ուղտ,
Ձմերուկի մի մեծ ծառ,
Սխալ գրված հինգ-վեց բառ,
Կոտոշավոր երեք գայլ,
Հետո բառեր այլևայլ:
Բայց մի բան էլ ասեմ ձեզ՝
Չեմ մեծանում մարդու պես:
Շատ ուտելն ինձ վատ է, վատ՝
Բարակում եմ անընդհատ:
Յուրի Սահակյան