Կարոտ․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Թռչեի՜ մտքով տուն,

Ուր իմ մայրն է արթուն

Սպասում իր որդուն՝

Անհանգիստ ու անքուն։

 

Տեսնեի այն առուն

Որ ամեն մի գարուն

Ջրերով վարարուն

Կարկաչում էր սարերում։

 

Թեքվեի աղբյուրին,

Կարոտած պաղ ջրին,

Նրա զով համբույրին

Ու թավիշ մամուռին։

 

Լինեի հանդերում,

Ուր ծաղկունքն են բուրում,

Ուր մանուկ օրերում

Հովն էր ինձ միշտ համբուրում։

 

Ու հանդարտ, մեղմաբար

Հոտն իջներ սարից վար,

Գրկեի ես մի գառ,

Ու հոգիս մանկանար․․․

 

Եվ հոգնած ու նկուն,

Երբ իջներ իրիկուն,

Մի ծառի շվաքում

Աչքերիս իջներ քուն․․․  

 

 

Գեղամ Սարյան