Իմ գրադարանը․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Նկարազարդ շատ գրքեր կան
Իմ գեղեցիկ պահարանում,
Եվ նորերն են ամեն անգամ
Այնտեղ էլի ավելանում:

Փոքրիկ, խելոք մի Գիքոր կա,
Որին հայրն է քաղաք տարել,
Մի փիսո կա՝ շատ սուտասան՝
Շան գդակը դեռ չի կարել…

Մի ճպուռ կա՝ ծույլ ու անբան,
Ու մրջյուններ աշխատասեր,
Մի քաջ Արեգ, որ համարձակ
Մութ աշխարհն է անգամ հասել:

Մի պառավ կա՝ անկուշտ, ագահ,
Եվ մի պապիկ՝ բարի ու հեզ,
Ոսկե մի ձուկ կախարդական,
Որ կտա քեզ՝ ինչ որ ուզես:

Շատ գրքեր կան, որոնք հետո,
Հետո պիտի դեռ ունենամ,
Երբ հայրիկի նման մի օր,
Այ, այսքա՜ն շատ ես մեծանամ:

 

 

Լիպարիտ Սարգսյան