Օրորոցի երգ․ բանաստեղծություն

բանաստեղծություններ

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,

Տաղերով քուն բե՛ր տղիս աչերին.

Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ,

Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

 

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,

Օրորե՛ տղիս, քնի է կարոտ.

Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,

Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

 

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,

Վուվուով տղիս բե՛ր անուշ քունը.

Բայց նա լալիս է․ տատրակի՛կ, մի՛ գալ,

Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

 

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,

Շահի զրուցով որդուս քունը բեր.

Բայց նա լալիս է․ կաչաղա՛կ, մի՛ գալ,

Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։

 

Թո՛ղ որսդ, արի՛, քաջասի՛րտ բազե,

Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․

Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,

Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

 

 

Ռափայել Պատկանյան