Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
Գույներդ այնպես ջի՜նջ են, նրբերա՜նգ,
Ասես չես նյութված քար ու ավազից,
Այլ ջրաներկով գծված ես բարակ:
Այնպես խաղաղ ես աշխարհին նայում,
Եվ այնպես մե՛րն ես, մոտի՜կ, մտերի՜մ,
Ասես չեն բերել քեզ դավ ու արյուն,
Քեզ չեն բաժանել քո որդիներից:
Ասես Արաքսը՝ զայրույթից գունատ,
Իմ ու քո միջև չի սառել այսպես,
Ու թե այս ճամփով մի քի՜չ էլ գնամ,
Մի քի՛չ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՜զ...
Սիլվա Կապուտիկյան