Մանկապարտեզի մասին բանաստեղծություն

բանաստեղծություններ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՃԱՄՓԱՆ

Մայրիկս մի առավոտ

Ամուր բռնած իմ ձեռքից,

ճանապարհով անծանոթ

Մանկապարտեզ տարավ ինձ: 

Այժմ ճամփան լավ գիտեմ,

Մենակ գնում եմ արդեն,

Դուրս եմ գալիս մեր բակից,

Անցնում եմ այս պուրակից,

Ծանոթ փողոցն եմ անցնում,

Այստեղ շենք են կառուցում,

Չեմ սխալվել, քիչ հեռվում

Հյուրանոցն է երևում: 

Հյուրանոցի հենց մոտով,

Երկար ձգվող լայն մայթով

Մի քիչ գնում եմ առաջ,

Ահա այգին մեր կանաչ:

Կանաչ այգու հենց դիմաց

Գեղեցիկ շենք երևաց.

Իմ սիրելի շենքն է սա,

Մանկապարտեզ ես հասա:

 

Հեղինակ՝ Սուրեն Մուրադյան