Շունը
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
***
Թռչունի մտածմունքը
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ՝
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը՝ կապույտ։
Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։
Մի օր էլ, բնից գլուխս հանած՝
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։
Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։
***
Աշուն
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
***
Ամենից լավ տունը
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամմ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան...
Ու, հառաչելով, ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը՝
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը՝
Ուրախ նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է՝
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։