Բանաստեղծություններ ձմռան մասին

բանաստեղծություններ

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ


Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

 

***

Ձյուն է տեղում գնդիկ-գնդիկ,
Բակ է լցվում հատիկ-հատիկ,
Ու բոլորիս մեկիկ-մեկիկ
Դուրս է կանչում՝ մեծ, թե փոքրիկ:

 

***

Այսօր տոն է մեր բակում,
Ձյուն է գալիս անդադրում,
Տուն ու կտուր ճերմակում,
Ձյան սավանով է ծածկվում:

Փոքրիկներն էլ միշտ խնդում,
Կայծ ու ժպիտ աչքերում,
Դեպի փողոց են շտապում,
Ձնեմարդուկ են սարքում:
 


***

ՁՄԵՌՆ ԵԿԱՎ

Աշնան օրերն անցան երգով,
Ծաղիկներով քաղցրաբույր,
Եվ ձմեռը պաղ շշուկով
Մեր աշխարհին եկավ հյուր:

Չորս կողմ փռեց փափուկ սավան,
Դաշտը դարձրեց ճերմակ ծով.
Ծիլ ու ծաղկին տվեց հրաման.
– Քնեք խաղաղ, ապահով:

Ասաց.
– Սիրու՜ն ծիլ ու ծաղկունք,
Հողի անուշ բալիկներ,
Սառնամանիք, մրրիկ ու բուք
Չեն խանգարի քունը ձեր:

Քնեք երգիս լուռ կարկաչով,
Անհոգ, անվիշտ, անկարիք,
Եվ արթնացեք գարնան կանչով,
Որ տաք հազար բերք, բարիք:

Մկրտիչ Կորյուն

 

***

ՓԱԹԻԼՆԵՐԻ ՏԱԿ


Փաթիլներն անիվ թիթեռների պես
Հանդարտ խաղալով իջնում են գետին,
Ճերմակ են հագել պուրակ ու պարտեզ,
Անտառ, այգեստան ու մարգագետին:

Մի փունջ մանուկներ ձյունապատ բակում
Խաղում են, սղղում, վազվզում զվարթ,
Նրանց աչքերը հուր են արձակում,
Այտերին՝ կարմիր նորափթիթ վարդ:

Զուգված սենյակից կանչում է, խնդրում
Ջերմ բոցկլտացով վառարանը տաք,
Բայց մանուկները խաղում են, խնդում
Ձյունի գեղեցիկ փաթիլների տակ:

Սարմեն