Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունները․ մաս 2

բանաստեղծություններ

Տերևաթափ

 

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,

Ասավ քամին տերևներին,

Աշուն եկավ, մոտ է ձմեռ,

Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի

Գույներ հագեք խայտաբղետ

Ու ճյուղերից ձեր մայրենի

Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...

Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,

Չեք իմանա այսուհետև

Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...

 

Տերևները հենց լսեցին,

Նախշուն-նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝

Քամու թևին թռան, փախան։

 

 ***

 

Ամպն ու Սարը

 

Ամպը եկավ նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։

— Լսի՛, պապի՛, ասավ նրան,

Լավ օրերդ անցան, կորան.

Խիստ սոսկալի

Ցուրտ է գալի։

             Ասավ, գնաց։

             Սարը կամաց

             Մտավ սպիտակ

Վերմակի տակ։

 

***

 

Լուսաբացին

(Ժողովրդական)

 

— Ծուղրուղո՜ւ.

Աքլորը զիլ կանչեց թառին.

— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին։

 

Ծուղրուղո՜ւ.

Խոսեց ծեգին երկրորդ բերան.

— Հո-հո՜, հո-հո՜,

Նախիրն արդեն հանդը տարան։

 

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.

— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,

Նստեց նանը տեղի միջին։

 

***

 

Ծիտը

 

Հուռին գնաց բանջարի,

Բանջար չեղավ՝ խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծըլվըլալեն դուրս թռավ։

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին։

 

***

 

Արտուտիկ

 

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կծըլվըլան

Կըլթիկ-կըլթիկ։