Առավոտը մայրիկի հետ
Առավոտվա լույսի շողը,
Վառ արևն ու առավոտը
Ինձ է բերում իմ մայրիկը,
Երբ պարզելով նուրբ ձեռքերը՝
Ինձ առնում է իր ջերմ գիրկը:
Մայրիկիս կողքին
Նրա կողքին ես ուժեղ եմ,
Նրա գրկում միշտ անվախ եմ,
Նրա սիրով ես պաշարված՝
Այս աշխարհում ես անպարտ եմ:
Նա իմ մայրն է, իմ գարունը,
Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,
Որ ժպիտով իր ծաղկաբույր
Իմն է դարձնում ողջ աշխարհը:
***
Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ:
(Սուրեն Մուրադյան)
***
Մի արև կա, մի’ երկինք,
Մի սիրտ կա ու մի’ լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:
(Սուրեն Մուրադյան)