ՄԱՐՏ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
***
ԵՐԵՔ ԽԵԼՈՔ
Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։
***
ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ
Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…
— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։
Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։
Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…
Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։
Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։
Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։
Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։
— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։
Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։
Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։
— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…
— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…
Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։
Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։
Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,
Օ. Օֆ, պըրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—
Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,
Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։
***
ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
***
ՔԱՄԻՆ
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։