«Ա՛յ ժամացույց, ժամացույց, դու չե՞ս հոգնում խոսելուց…». մանկական բանաստեղծություններ

բանաստեղծություններ

Տիկնիկը


Տիկնիկ ունեմ՝ ծաղրածու է,
Քիթը հավի ներկած ձու է,
Հագնում է նա փքված մի շոր,
Կոշիկներն են խոշո՜ր, խոշո՜ր։
Երբ նրա հետ ես խաղում եմ՝
Ուրախ-ուրախ ծիծաղում եմ։

Բարև

Արև, շո՛ղ տուր ու ժպտա,
Տերև, ցող տուր ու ժպտա,
Ծիտիկ, երգ տուր ու ժպտա,
Ծաղիկ, բույր տուր ու ժպտա,
Իմ Դավիթը քունն առնի,
Աչքը բացի ու զարթնի,
Զարթնի, ասի,
- Ա- տա-տա...
Ու բոլորիդ բարև տա։


Եղևնի

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին...
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին։


Փոքրիկի խրատը

Ա՛յ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի. 
- Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
- Չաչանակ: 



Բկլիկ-Ձկնիկ

Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թո՛ղ արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:

Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին,
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը: 



Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ

Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Իջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ, մայրիկիս նվիրեմ։