Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝ բակն ու դուռը լի ինչքա՜ն սպիտակ թիթեռ է գալիս…ձմռան մասին բանաստեղծություններ

բանաստեղծություններ

Առաջին փաթիլները

Նազ ու տուզով, օրորվելով
Իրար կողքի, թևանցուկ՝
Փաթիլները ճամփա ընկան
Օդի միջով կամացուկ։

Թեթև-թեթև իջնում են վար՝
Պտտվելով անդադար,
Պար են գալիս, խաղում անվերջ
Լայն ու արձակ օդի մեջ։
Ամպը գոչեց. «Արա՛գ իջեք,
Իմ սիրելի՛ բալիկներ,
Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ
Այնքան փոքրիկ մանուկներ»։
Փաթիլները զվարթացան,
Թևին տվին ու անցան,
Մեկիկ-մեկիկ գետին իջան,
Իրար գրկած՝ ձյուն դարձան։
Մանուկները դուրս վազեցին՝
Առած սահնակ ու սղղան,
Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,
Զվարթ խաղերը ձմռան։

 

Հայրապետ Հայրապետյան

 

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

 

Աթաբեկ Խնկոյան

 

Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

 

Աթաբեկ Խնկոյան

 

Նկարիչ

 

Օյ, օյ, օյ, բուք-բորան
Եկավ ծածկեց պատուհան։
Նկարիչ է, նկարիչ,
Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ,
Ոչ ներկ ունի և ոչ տուփ,
Նկարում է ծառ ու թուփ.
Ծաղկենկար է անում,
Ապակու վրա նկարում։
Այ, էդպես է բուք-բորան,
Կուզե՞ս տեսնել դու նրան։
Թե տղա ես, դուրս գնա,
Քիթդ այնտեղ կմնա։

 

Աթաբեկ Խնկոյան

 

Առաջին ձյունը


– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

 

Հովհաննես Թումանյան